Նիգերիայում բենզատարի պայթելու հետևանքով 50 մարդ է մահացել, 101-ը վիրավորվել է

15:15 • 03.07.19

Կենտրոնական Նիգերիայում բենզատարի պայթելու հետևանքով 50 մարդ է մահացել, 101-ը վիրավորվել է, հայտնում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին: Բենզատարի վարորդը, փորձելով շրջանցել փոսը, կողաշրջվել է Բենուե նահանգի Ախումբե գյուղի ճանապարհին: Մարդիկ շտապել են դեպի կողաշրջված բենզատարը՝ թափված վառելիքը հավաքելու, սակայն այն պայթել է: 

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Բենզատարից վառելանյութը թափվել է մերձակա խանութների վրա, որոնք ամբողջովին այրվել են:

Նմանատիպ վթարներ հաճախ են տեղի ունենում Նիգերիայում՝ նավթարդյունահանման երկրում, որտեղ նավթի մատակարարումները հաճախ իրականացվում է բենզատարի միջոցով: