Ճապոնիայում ավելի քան 800 հազար մարդ է տարհանվում անձրևների պատճառով

12:58 • 03.07.19

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կագոսիմա քաղաքի իշխանությունները կարգադրել են շուրջ 800 000 բնակիչների տեղափոխվել տարհանման կենտրոններ և այլ անվտանգ վայրեր, քանի որ հորդառատ անձրևները սպառնում են սողանքներ և այլ վտանգներ առաջացնել, փոխանցում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կղզու ևս 310 հազար բնակչի խորհուրդ է տրվել ապաստան գտնել:

Հայտնի է նաև, որ քաղաքային իշխանությունները տեղ են նախապատրաստել մարդկանց ժամանակավոր վերաբնակեցման համար։ Կյուսյուի որոշ շրջաններում տեղումների քանակը հինգ օրվա ընթացքում գերազանցել է 900 միլիմետրը, ինչը կարող է ի վերջո սողանքների հանգեցնել:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ բնակիչները պետք է «միջոցներ ձեռնարկեն իրենց ապահովության համար և պատրաստ լինեն տարհանման»: Վարչապետը նաև հրաման է տվել զինվորականներին անհրաժեշտության դեպքում պատրաստվել փրկարարական գործողությունների:

Նշենք, որ Ճապոնիայի վարչապետը քննադատության էր ենթարկվել անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած տարերային աղետին կառավարության դանդաղ արձագանքի համար, երբ տեղատարափ անձրևները սողանքներ և հեղեղումներ էին առաջացրել՝ դառնալով 200 մարդու մահվան պատճառ: