Երևանի Նորքի 5-րդ զանգվածում սպանվել է «օրենքով գող» Անդիկը. դիակի վրա հայտնաբերվել է հրազենային 4 վերք

10:02 • 03.07.19

ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973  թվականին ծնված տղամարդու  սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10 -ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն» -ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով:  

Ձեռնարկված անհետաձգելի քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել  է, որ 1973 թվականին ծնված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5 զանգվածի շենքերից մեկի բակում:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ:

Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, ֆիքսվել է տեսանկարահանող սարքերի առկայությունը: Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը՝ ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին և ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը՝ միջթիակային հատվածում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկը: