Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում են. նախկին աշխատակից
«Ի պաշտպանություն Երևանի կենդանաբանական այգու» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի առջև: Նրանց պահանջն անփոփոխ է՝ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պետք է աշխատանքից ազատվի:
Բողոքի ակցիայի մասնակիցների նպատակն էր հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն ինչպես նախորդ անգամներն, այս անգամ ևս նրանց չհաջողվեց:
«Ամենաբարձր պաշտոնյան, որ մեզ ընդունել է, եղել է փոխքաղաքապետը: Կան ընդհանուր խոսակցություններ, որ զբաղվում են մեր բարձրացրած հարցերով, սակայն արդեն 8 ամիս անցել է, ու մեր հարցերին ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տվել: Անգամ չեն ասում՝ սխալ եք կամ ճիշտ: Տպավորություն է, որ հատուկ ժամանակ են ձգում: Կենդանիներն ընդհանրապես չեն ստուգվել, իսկ մնացած ստուգումների արդյունքները չեն հրապարակում: Բացատրում են, որ քննչական մարմնում է: Էդ ի՞նչ են հայտնաբերել, որ գաղտնիք է»,- ասաց կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ 2018 թվականի նոյեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ընդամենը 2 նիստ է արել:
«Երբ հանձնախումբը հավաքվեց ու նիստ արեց, ես դիմում ներկայացրի: Պարոն քաղաքապետն ասաց, որ ինքն անձամբ խմբից ակնկալում է 100 տոկոսանոց արդար ու մաքուր աշխատանք, առանց որևէ մութ անկյունների»,-ասաց կենդանաբանական այգու ակվատերարիումի բաժնի նախկին վարիչ Կարեն Մարտիրոսյանը:
«Ես բազմիցս եկել եմ, փոխքաղաքապետին ասել եմ, որ եթե ստուգումներն ավարտել եք, խնդրում եմ ասեք: Նաև հարցրել եմ՝ կենդանիների մասով ստուգումներ եղե՞լ են, պատասխանել են՝ ոչ, քաղաքապետարանում չկան մասնագետներ: Մենք հազարավոր խախտումների մասին ենք բարձրաձայնում, իսկ տնօրենին նույնիսկ նկատողություն չեն տալիս: Ես հակված եմ մտածելու, որ հովանավորչություն կա և որևէ եվրոպական զանգ կամ նամակ այս հարցը չի փակելու: Սա բաց է մնալու այնքան ժամանակ, մինչև Ռուբեն Խաչատրյանը չհեռանա. նա այս ոլորտի մարդ չի», - ասաց Կարեն Մարտիրոսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեց Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Նա առաջարկեց, որպեսզի ցուցարարներն իրենց բողոքները փաստարկված ներկայացնեն, և հանդիպում ունենան կենդանաբանական այգու աշխատակիցները, տնօրենը և քաղաքապետարանի ներկայացուցիչները:













