Ամառային շրջան է, և Ռուսաստանն ուզում է տուրիստական հոսքերն ուղղել դեպի Ղրիմ. Արմեն Մինասյան (տեսանյութ)
Ամառային շրջան է և Ռուսաստանն ուզում է տուրիստական հոսքերը ուղել դեպի Ղրիմ: Այս մասին «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի որոշմանը, որով ռուսական ավիաընկերություններին արգելվել էր զբոսաշրջիկներ տեղափոխել Վրաստան:
«Հայաստանն ունի պետականության զարգացման, անվտանգության ապահովման, բնակչության բարեկեցության ապահովման խնդիր, իսկ մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ Վրաստանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները և ընդհանրապես ամեն ինչը, պետք է ծառայեցվի այս խնդիրների լուծմանը»,- ասաց Արմեն Մինասյանը:
Ըստ նրա՝ վրացական խորհրդարանում տեղի ունեցածը քիչ կապ ուներ փողոցում տեղի ունեցածի հետ: «Կա քաղաքական ու տնտեսական բաղադրիչ: Ռուսաստանն արդեն տևական ժամանակ փորձում է տուրիստական հոսքերը դեպի այլ երկրներ քչացնել: 20-30 տոկոս ձմեռային տուրիզմի հոսքերը նվազեցվեցին դեպի Վրաստան, փոխարենն ուղղվեցին դեպի Սոչի: Հիմա էլ ամառային շրջանն է, ռուսներն ուզում են Ղրիմը դարձնել տուրիստական գոտի: Ամեն ինչի տակ պետք չէ աշխարհաքաղաքական հիմնավորումներ փնտրել»,- ասաց նա:
Արմեն Մինասյանը նշեց, թե հետաքրքիր փաթեթներ են պատրաստում՝ Հայաստանը ներառում են տուրիստական փաթեթի մեջ, ռուս սպառողին ներկայացնում են, որ սա ուղևորություն է դեպի Հայաստան:










