ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Արցախ, նախատեսված է հանդիպում Բակո Սահակյանի և այլ պաշտոնյաների հետ. Աննա Նաղդալյան

13:28 • 03.07.19

Վաղը կմեկնարկի ՀՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Արցախ, այդ այցի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ կունենա: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նախարարը հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, ինչպես նաև հանդիպում է նախատեսված Պարգև Սրբազանի հետ: Այցի շրջանակում այլ միջոցառումներ ևս նախատեսված են»,-ասաց Նաղդալյանը:

Նա նաև հայտնեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը միշտ իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո:

«Սա բխում է ԼՂ հարցի կարգավորման գործընթացին Արցախն առավել ներգրավված պահելու գործառույթն իրականացնելու մեր նպատակից, սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախն անմիջական ներգրավվելու հարցին»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ ԱԳ նախարարի արցախյան հանդիպումների ընթացքում անդրադարձ է արվելու նաև վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին, դրանք քննարկվելու են նաև Արցախի ղեկավարության հետ: