Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին՝ Ռիո Գրանդե գետում, ջրասուզորդները փնտրում են իր մորից բաժանված և գետում կորած 2-ամյա ներգաղթյալ աղջնակին

17:05 • 03.07.19

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին պարեկություն իրականացնող ԱՄՆ սահմանային ծառայության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են սկսել Ռիո Գրանդե գետում կորած երկամյա ներգաղթյալ աղջնակի հայտնաբերման ուղղությամբ, հայտնում է Daily Mail-ը:

Սահմանային ծառայությունից հայտնել են, որ Հաիթիից մի կնոջ են ձերբակալել Մեքսիկան Տեխասին կապող չարաբաստիկ գետը հատելուց հետո:

Ձերբակալված կինը հայտնել է, որ գետը հատելիս կորցրել է դստերը, ինչից հետո ջրասուզորդները սկսել են աղջկա որոնողական աշխատանքները:

Որոնումներին մասնակցում են մի քանի գերատեսչություններ, ինչպես նաև Մեքսիկայի իրավապահ մարմինները:

Գետում որոնողական աշխատանքներ են իրականացվել ողջ երկուշաբթի գիշեր՝ Մեքսիկայի իրավապահ թիմի օգնությամբ, աշխատանքները շարունակվել են հաջորդ օրը՝ հեռակառավարվող ստորջրյա սարքերի, ջրասուզակների օգնությամբ: Աղջկան չեն գտել, ենթադրվում է, որ նա խեղդվել է գետում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին խեղդված տղամարդու և երեխայի դիեր էին հայտնաբերվել: 

Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել էին Ռիո Գրանդե գետով հատել ԱՄՆ սահմանը, սակայն խեղդվել էին:

Դիերը հայտնաբերվել էին երկուշաբթի Մեքսիկայի Մատամորոս քաղաքի մերձակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան երկու տարեկան էր:

Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերին Կենտրոնական Ամերիկայից հազարավոր ներգաղթյալներ, որոնցից շատերը՝ ընտանիքներով և փոքր երեխաներով, Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ սահման էին շարժվել՝ այդ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար 1000 զինծառայող էր տեղակայել սահմանին: Չնայած բոլոր տեսակի զգուշացումներին՝ մարտին նույն տարածաշրջանից ներգաղթյալների ևս մի խումբ (շուրջ 1200 ներգաղթյալ) էր ճանապարհ ընկել դեպի ԱՄՆ սահմանը:

Մայիս ամսվա դրությամբ ամերիկացի սահմանապահները Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սողոսկած ավելի քան 132 000 մարդու են ձերբակալել, ինչը եռակի գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը և 2006թ.-ից ի վեր սահմանին ձերբակալված ներգաղթյալների ամենաբարձր ամսական ցուցանիշն է:

 

Several agencies, including U.S. Border Patrol, Border Patrol Search, Trauma, and Rescue, Air and Marine Operations and law enforcement from Mexico are involved in the search

Rescuers searched the river through Monday night and Tuesday with help from a remotely operated submersible