Հյուսիսային Կորեայում «կորած» համարվող ավստրալացի ուսանողին ազատ են արձակել, նա լքել է երկիրը (լուսանկարներ)
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) ձերբակալված ավստրալացի ուսանողն ազատ է արձակվել և բարեհաջող լքել է երկիրը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, գրում է msn.com-ը:
29-ամյա Ալեք Սիգլին, որը սովորում էր Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում, հունիսի 25-ից անհայտ կորած էր համարվում: Խուճապը սկսվել էր այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում սովորաբար ակտիվ երիտասարդը դադարել էր շփվել և ակտիվություն դրսևորել:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ընդհատել է խորհրդարանական նիստը և հայտարարել, որ Սիգլին ազատ է արձակվել: Ավելի ուշ նա հայտնել է, որ Շվեդիայի իշխանություններն են օգնել երիտասարդի ազատ արձակման գործում:
«Այս արդյունքը ցույց է տալիս պաշտոնատար անձանց զուսպ, անդրկուլիսյան աշխատանքի արժեքը բարդ և զգայուն հյուպատոսական գործերի լուծման հարցում՝ այլ կառավարությունների հետ սերտ համագործակցության միջոցով»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Նա չի հայտնել Սիգլիի ձերբակալության պատճառը:
Ավստրալիան Հյուսիսային Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություն չունի և ապավինում է այլ երկրների, ինչպիսին է, օրինակ, Շվեդիան, օգնությանը:
Սիգլիի հայրը լրագրողներին հայտնել է, որ իր որդին շուտով կմիանա մորը:
«Չափազանց ուրախ եմ, որ Ալեքը Պեկինում է և ողջ և առողջ է»,- հայտնել է հայրը՝ հավելելով, որ որդին «լավ տրամադրություն» ունի և գտնվում է Պեկինում Ավստրալիայի դեսպանատանը:
Սիգլին Հյուսիսային Կորեայի համալսարաններից մեկում ժամանակակից կորեական գրականության ասպիրանտուրայում էր սովորում:












