Կարող ենք ունենալ իդեալականին մոտ սահմանադրություն, սակայն մեկնաբանություններով խեղաթյուրել դրա բովանդակությունը. Վարդան Այվազյան (տեսանյութ)

11:41 • 04.07.19

«Սահմանադրության մեկնաբանությունների արդյունավետությունը պայմանավորված է 2 հանգամանքով` կարող ենք ունենալ իդեալականին մոտ սահմանադրություն, սակայն մեկնաբանություններով խեղաթյուրել այդ սահմանադրության բովանդակությունը, և կարող ենք ունենալ սահմանադրություն, որն իր դրույթների միջև ունի ներքին հակասություններ և չի կարող ճշմարտությունը վեր հանել»,- այս մասին այսօր «ՀՀ Սահմանադրություն. Կարմիր և կանաչ գծեր» պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով, Սահմանադրության մեկնաբանությունը, որպես կանոն, ենթադրում է, որ պետության մեջ գոյություն չունի ճգնաժամ իշխանության թևերի միջև: Նա շեշտեց, որ Սահմանադրության մեկնաբանության իրավունքը վերապահվում է Սահմանադրական դատարանին: Այվազյանի խոսքով, Սահմանադրության արդյունավետության համար անհրաժեշտ է հստակ տարանջատել սահմանադրական իրավաստեղծագործությունը և սահմանադրական նորմաստեղծագործությունը, որովհետև սահմանադրական իրավաստեղծագործությունը պետք է հիմնվի նորմաստեղծագործության վրա: Այվազյանն ասաց, որ Սահմանադրության համար հստակ պետք է լինի տրամաբանական հարթությունը:

«Տրամաբանական հարթության մեջ մենք ունենք դրական և պոզիտիվ իրավունքի հարթությունները և Սահմանադրությունը գրելիս և հետագայում մեկնաբանելու համար անթույլատրելի է շրջանցել այս 2 հարթությունները: Օրինակ Գերմանիայի Դաշնության սահմանադրությամբ հստակ ամրագրվում են մարդու աստվածային ծագումը և պատասխանատվությունը` գիտակցական մակարդակով աստծո առջև: Սա նշանակում է, որ ԳԴՀ սահմանադրությունը գրվել է բացառապես բնական իրավունքի տրամաբանական հարթության մեջ: Սակայն վերջերս ԶԼՄ-երով իմացանք, որ Գերմանիայի սահմանադրական դատարանը, որն իր ֆունկցիոնալ առաքելությամբ կոչված է ապահովելու սահմանադրության գերակայությունը, որոշում է կայացրել, որով արգելում է, որ քաղաքացիական ակտերի գրանցման մարմինները ծննդյան վկայականներում նշեն արական և իգական սեռը: Այս պարագայում ստացվում է որ ՍԴ մեկնաբանությամբ փոխվում է ամբողջ սահմանադրության բովանդակությունը, որովհետև այն ամրագրված կետը, որ գիտակցված պատասխանատվությունը Աստծո առջև է, չի կարող ենթադրել նման մոտեցում»:

Այվազյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը կոնցեպտուալ փաստաթուղթ է և ցանկացած պարագայում այն պետք է մեկնաբանվի՝ ելնելով նրանում ամրագրված արժեհամակարգի մոտեցումներից: Առավել մանրամասն՝ տեսանյութում: