284 դպրոցում կկառուցվեն ռոբոտաշինական լաբորատորիաներ
Կառավարությունը հերթական նիստում ընդունեց մի շարք նախագծեր, որոնցով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ գումարներ տրամադրվեց ոլորտում մի շարք բարեփոխումներ կատարելու համար: Մասնավորապես՝ ռոբոտաշինության լաբորատորիաներ, կրթական հաստատություններ վերանորոգելու համար:
Հիմնական զեկուցող Արայիկ Հարությունյանը նշեց, որ դրանք նախագծերի մի մեծ փաթեթ են, որոնք նպաստելու են կրթության որակի բարձրացմանը: Նա նշեց, որ այդ նախագծերով տասնյակ ուսումնական հաստատություններ ներառվում են վերակառուցման:
Մասնավորապես, առաջարկվում էր 834 մլն դրամ հատկացնել ՀՀ-ում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելուն: «Նախարարությունը նախատեսում է ձեռք բերել անհրաժեշտ գույք և սարքավորումներ 2019 թվականի ընթացքում թվով 284 ինժեներական լաբորատորիա հիմնելու նպատակով»,- ասաց նա և հավելեց, որ 284 դպրոցում կստեղծվի 284 ռոբոտաշինական լաբորատորիա:
Մեկ այլ նախագծով էլ շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող թվով 6 ավագ դպրոցներ կքանդվեն և հիմքից կկառուցվեն: «Այս նախագծով պատրաստվում ենք քանդել և կառուցել 6 ավագ դպրոց: Սեյսմիկ անվտանգության տեսակետից խնդրահարույց են Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցը, Երևանի թիվ 109 ավագ դպրոցը: Նախատեսվում է հատկացնել 129.8 մլն դրամ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելու համար, հետագայում դրանց կառուցման համար կհատկացնենք անհրաժեշտ գումար: Անցած տարի 5 դպրոց վերակառուցել են, ևս 8-ի շինարարությունն այս տարի կավարտվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Գումարներ հատկացվեցին նաև «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու, ինչպես նաև թվով 40 հանրակրթական ուսումնական հաստատություններում հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու համար:
«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու համար նախատեսվում է յուրաքանչյուրին հատկացնել 1․000,0 հազ․ դրամ:
Պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 38790.0 հազար դրամի չափով կիրականացվի նաև «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու և թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու համար:
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին ամրացված շենք-շինության վերանորոգման համար հատկացվեց 725,328.3 հազ. դրամ:
«Սրանք այն նախագծերն են, որոնք մանրամասն քննարկվել են, այս ծավալի աշխատանքների մեկնարկ երբեք չի տրվել, հաջորդ տարի բյուջեով նախատեսված է 8 քոլեջի և 28 դպրոցի վերանորոգում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ 284 դպրոց այս տարի ունենալու է ռոբոտաշինական լաբորատորիա և, ըստ նրա, նման աշխատանքն աննախադեպ է: «Առաջին անգամ է պետբյուջեի միջոցներով այս աշխատանքներն իրականացվում: Այս տարի պետք է շարունակենք աշխատանքները, լաբորատորիաների քանակը հասցնենք 475-ի: Այս լաբորատորիաներն իրենց արդյունքին ծառայում են, ամրոցաշինության դասերը փոխում են երեխաների ապագան»,- ասաց Աղվանյանը և հավելեց.
«Այս գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումից: Մեր տնտեսվարողների և քաղաքացիների վարքագծից ելնելով՝ ՊԵԿ-ը կարողացել է հավաքագրել դրանք: Այս պրոցեսը պետք է լինի շարունակական: ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսվարողներն էլ պետք է լինեն բարեխիղճ հարկատուներ, մենք ճիշտ ուղղություններով ենք այս գումարները ծախսում»:










