Այս տարի Սևանի ջրառն անցած տարվա համեմատ 15-20 մլն խմ-ով պակաս է. Էրիկ Գրիգորյան
Այս տարի Սևանի ջրառն ավելի ցածր է, քան անցած տարի, մոտ 15-20 մլն-ի չափով արդեն նվազ է. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա վստահեցրեց, որ ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ, ավել ջրառ չի եղել:
Դիտարկմանը՝ բնապահպանները պնդում են, որ հենց ջրառի պատճառով են Սևանի խնդիրները, նախարարը նշեց, որ դրանց համար մի քանի գործոն կա: «Մի քանի կուտակային գործոններ կան՝ կեղտաջրերի հոսք, պետք է մաքրվեն անտառային տարածքները, ափամերձ տարածքները: Հյուրանոցներից ու ռեստորաններից մեծ քանակի աղտոտումներ են գնում, մեծ քանակությամբ քիմիական նյութեր են լցվում լիճ»,- ասաց նա:
Գրիգորյանի հավաստիացմամբ՝ ջերմաստիճանն էլ նշանակություն ունի: «Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ հունիսը աշխարհում երբևիցե ամենաբարձր ջերմաստիճանով ամիսն էր, տեղումները բավական քիչ էին մայիսին Սևանում, 36 մլն խորանարդ մետրի չափ է ավելացել, այն դեպքում, երբ պատմական նվազագույնը 33 է եղել: Բացի դրանից, քամիների պատճառով գոլորշիացում է եղել: Այս պահին Սևանի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է, որ հստակ կարողանանք հասկանալ, թե այդ աղբյուրները որոնք են»,- հայտարարեց նա:
Գրիգորյանը վստահեցրեց, որ մի քանի մասով արդեն գործողություններ արել են, հստակ հաշվել են ափամերձ տարածքներն ինչքան պետք է մաքրեն: «Շատ արագ, կարծում եմ՝ երկու-երեք տարվա ընթացքում մինչև 1901.5 կբարձրացնենք: Ինչքան հնարավոր է, նվազեցվել է ջրառը: Կարող եմ ասել, որ հենց հիմա հունիս-հուլիս ամիսներին Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, սովորաբար օգոստոսին էին սկսում աշխատել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ կարծիքի կա, որ Սևանի խնդիրը կանաչելն է, նա ասաց. «Կանաչելը կապտականաչ ջրիմուռներն են, նաև այն, որ սնուցող նյութեր են լցվում լիճ՝ օրգանական ֆոսֆոր, ազոտ, որոնք ունեն տարբեր աղբյուրներ: Դիմել էինք Գերմանիայի կրթության և հետազոտական ինստիտուտ, նախնական հետազոտություններ էին արել: Խախտումների վերաբերյալ որոշ տվյալներ արդեն ստացել է կառավարությունը»:
Նախարարը նշեց, որ մաքրման աշխատանքների մի մասը նախկինում ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում: «Մենք կարծում ենք, որ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար հատկացնել, դա հարկավոր է իրականացնել համայնքների միջոցով: Ջրում ճահճացված տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են, և պարզվել է՝ մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը: Այս տարի մրցույթն արդեն հայտարարված է 2020-21 թվականներին նախատեսում ենք ամբողջ տարածքը մաքրել: Եթե նախկինում մաքրվում էր 60-70 հա, 20-21 թվականների համար նախատեսում ենք 250-300 հա: Այս տարի էլ մաքրման համար 100 մլն է նախատեսվել, բայց մաքրման ծավալները կլինեն շատ ավելի»,- տեղեկացրեց նա:
Հարցին՝ հաշվարկե՞լ են, թե որտեղ և ինչ կորուստների մասին է խոսքը Սևանից ջրառ իրականացնելիս, նա պատասխանեց. «Ջրային կոմիտեից վերցրել ենք տվյալներ, թե այդ ջուրը որտեղ մատակարարվում է, կոնկրետ ո՞ր հողատարածքներն են ջրվում, նաև համեմատում ենք, որ արդյոք այդ տարածքները, որ ներկայացվում են՝ ջրվո՞ւմ են, թե՞ չեն ջրվում: Ամեն ինչ արվում է, որ ջրառի ծավալները նվազեցվեն: Բոլոր այն հնարավոր տարբերակներում, եթե հնարավոր է Սևանի ջուր չօգտագործվի, մենք հորդորել ենք Սևանի ջուրը չվերցվի և այլընտրանքային տարբերակ օգտագործվի»,- ասաց նա:










