Իշխանությունը կարծում է՝ երբ բոլոր դատարանները, դատախազություններն էլ իրենց հետ քայլած մարդկանցով համալրվեն, այդ ժամանակ հեղափոխությունը կավարտվի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
«ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ընթացքում, անդրադառնալով դատավորների՝ ոչ լեգիտիմ լինելու մասին խոսակցություններին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ո՞վ է ապացուցել, որ ունենք ոչ լեգիտիմ դատավորներ: Ոչ լեգիտիմ ասելով՝ ես հասկանում եմ՝ կա´մ դատավորը պաշտոնի է նշանակվել օրենքի խախտումով, կա´մ պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են օրենքին: Այսինքն՝ եթե մենք ունենք կոնկրետ դեպքեր, մենք պետք է կոնկրետ դատավորների հետքերով գնանք, ոչ թե մեկ կամ մի քանի դատավորների համար պարալիզացնենք ամբողջ համակարգը»:
Վերջինս կարծիք հայտնեց, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ հեղափոխություն նշանակում է ամբողջ պետական ապարատի վրա վերահսկողություն տարածել. «Այսինքն՝ օրենսդիր իշխանությունը հիմա իրենցն է, գործադիր իշխանությունը միանձնյա իրենք են ստանձնել, հիմա, իրենց կարծիքով, հեղափոխությունը դեռ չի սպառվել, այլ երբ բոլոր դատարանները, դատախազություններն էլ իրենց հետ քայլած մարդկանցով համալրվեն, այ էդ ժամանակ հեղափոխությունը կավարտվի: Բայց եթե մենք խոսում ենք քաղաքական անկախ համակարգի մասին, քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը բացարձակապես չպետք է անդրադառնա դատական համակարգին: Մենք չենք մոռացել, որ դատավորը միակ պաշտոնյան է, որը դատավճիռ է կայացնում հանուն ՀՀ-ի: Այդ դեպքում պետք է գրվի, որ ոչ թե հանուն ՀՀ-ի, այլ հանուն ինչ-որ իշխանության: Մենք պետք է վեր կանգնենք այս ամենից: Եթե մենք այսօր ամեն մի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում ուզենանք դատական համակարգում տեսնել սեփական դատավորների, ապա, ինչպես հայտնի ստեղծագործության մեջ է ասված, «մեր վերջը եկել է»»:
Պետրոսյանն այն կարծիքին է, որ դատական անկախ համակարգ ստեղծելու համար պետք է միավորել բոլոր ուժերը՝ իշխանական ու ընդդիմադիր:
Գևորգ Պետրոսյանը նաև հարց հնչեցրեց՝ եթե փորձում են դատական համակարգը մաքրել ներկայի դատավորներից, ապա ում են բերելու նրանց փոխարեն. «Ավելի վտանգավոր է կադրային կոռուպցիան: Լուրջ պաշտոնների են թառում իրենց մտածողության օրգանը երբևէ լուրջ ինֆորմացիայով չծանրաբեռնած մարդիկ, որոնք ընդամենը կարգին քայլել, վազել, մեկ-մեկ էլ ճողոպրել գիտեն, էդ մարդկանց ասում են՝ դու վերջն ես, հեղափոխությունը հաղթեց: Մենք պետք է վեր կանգնենք անձնական ամբիացիաներից, այս դատավորն ինչ կարողություն ունի, ում բարեկամն է, ում փեսան է, ոչ, պետք է հասկանալ՝ այդ դատավորը կատարում է իր մասնագիտական պահանջները, եթե այո, ապա նա պետք է մնա ու աշխատի համակարգում»:
Պետրոսյանը նաև նշեց, որ չի կարծում, որ այսօրվա օրենսդրությունը բացարձակապես խոչընդոտում է անկախ դատական համակարգին:










