Ջորջ Մարտինը մանրամասներ է պատմել «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելի մասին

20:36 • 10.07.19

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը՝ «Սառցի և հրո երգը» վիպաշարի հեղինակը, որի սյուժեով նկարահանվել է հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալը, մանրամասներ է պատմել հեռուստասերիալի փրիքվելի մասին, գրում է Entertainment Weekly պարբերականը:

Գրողի խոսքով՝ հեռուստասերիալի փրիքվելի գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Վեսթերոս մայրցամաքում ոչ թե 7 թագավորություն էր իշխում, այլ 100: Այդ ժամանակ իշխանության համար պայքարն ընթանում է բազմաթիվ կառավարիչների միջև և ավելի դաժան է, քան «Գահերի խաղը» հեռուստասերիալի սյուժեով:

Մարտինը չի հաստատել այն վարկածը, թե նոր հեռուստասերիալի գլխավոր հերոսները Սթարքների ու Լանիսթերների տների հիմնադիրները՝ Բրենդոն Կառուցողն ու Լան Խելացին կլինեն: Պարզվում է՝ Լանիսթերները հեռուստասերիալում ներկայացված չեն լինի: Գրողի խոսքով՝ ներկա պահին հնարավոր չէ գլխավոր կերպարների անուններ տալ. իրադարձությունները կծավալվեն տարբեր մարդկանց շուրջ՝ տարբեր թագավորություններից:

Նշվում է նաև, որ հեռուստասերիալի իրադարձությունները կնախորդեն Թարգարիեն դինաստիայի հիմնադրմանը, ինչը նշանակում է, որ վիշապներ նույնպես չեն լինի:

Հեռուստասերիալի նկարահանումները մեկնարկել են նախորդ ամիս, սակայն վերջնական վերնագիր այն դեռևս չունի: Գրողի կողմից առաջարկված «Երկար գիշեր» վերնագիրը կարող է չպահպանվել, քանի որ այն համընկնում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայի հետ:

 

 

Ջորջ Մարտինը մանրամասներ է պատմել «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելի մասին