Apple-ը նոր հեռուստասերիալ կթողարկի, որը կարող է մրցակցել «Գահերի խաղի» հետ (տեսանյութ)
Apple ընկերությունը նոր հեռուստասերիալ կթողարկի, որը, լրատվամիջոցների հաղորդմամբ, կարող է HBO ստուդիայի հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի մրցակիցը դառնալ: Բացի այդ՝ See («Տես») վերնագրով շոուն պատմության մեջ ամենաթանկարժեքներից կլինի, գրում է The Verge-ը:
Նախնական տվյալներով՝ հեռուստասերիալի յուրաքանչյուր մասի բյուջեն 15 մլն դոլար կկազմի: Առաջին եթերաշրջանում նախատեսվում է 10 սերիա թողարկել, ինչը նշանակում է, որ եթերաշրջանի ընդհանուր բյուջեն 150 մլն դոլարի կհասնի: Հատկանշական է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի յուրաքանչյուր մասի բյուջեն նույնպես 15 մլն դոլար է կազմել:
Նոր հեռուստասերիալը կհեռարձակվի Apple TV+ ալիքով: Սցենարի հեղինակը Սթիվեն Նայթը կլինի, ռեժիսորը՝ Ֆրենսիս Լոուրենսը, իսկ գլխավոր դերում հանդես կգա «Գահերի խաղը» սերիալի աստղ Ջեյսոն Մոմոան:
See հեռուստասերիալի գործողությունները տեղի կունենան ապագայում՝ մի ժամանակաշրջանում, երբ մարդկային ցեղը զրկվել է տեսողական զգայարանից, և հասարակությունը ստիպված է եղել շփվելու, կառուցելու, որս անելու և ողջ մնալու նոր միջոցներ որոնել: Այդ ամենին մարտահրավեր է նետվում, երբ տեսողություն ունեցող երկվորյակներ են լույս աշխարհ գալիս:










