The Beatles խմբի նախկին անդամները միասին ելույթ են ունեցել Լոս Անջելեսում կայացած համերգին (տեսանյութ)
Բրիտանացի երգիչ Փոլ Մաքքարթնին իր Freshen Up համերգային շրջագայության շրջանակում կիրակի Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ համատեղ ելույթ է ունեցել The Beatles խմբի մեկ այլ անդամ Ռինգո Սթարի հետ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Մաքքարթնիի համերգային շրջագայության եզրափակիչ համերգը տեղի է ունեցել Dodger համերգասրահում: Ելույթի ժամանակ The Beatles-ի նախկին անդամը հանդիսատեսին հայտնել է, որ նրանց անակնկալ է սպասվում:
«Մենք անակնկալ ունենք մեզ համար, ձեզ համար, բոլորի համար: Տիկնայք և պարոնայք, միակ և անկրկնելի Ռինգո Սթար»,- հայտարարել է Մաքքարթնին, որից հետո Ռինգո Սթարը հայտնվել է բեմում:
Մաքքարթնին և Սթարը ողջագուրվել են և միասին երկու երգ կատարել՝ Sgt. Pepper's Lonely Hearts Club Band-ը և Helter Skelter-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբոխը The Beatles խմբի նախկին երկու անդամներին բեմում միասին տեսնելուց ոգևորությունից թնդացել է: Երկրպագուներից շատերի աչքերին արցունքներ են հայտնվել, մյուսները չեն հավատացել իրենց տեսածին:
The Beatles խմբի անդամները վերջին անգամ միավորվել էին 2014 թվականին՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում:










