Թուրքիան և Ռուսաստանը համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարահանեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ համատեղ գեղարվեստական ֆիլմ նկարահանել, հաղորդում է gazeta.ru-ն:
Մշակույթի գործիչների համագործակցության շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուս-թուրքական հասարակայնության համաժողովի ժամանակ:
Ապագա կինոնկարը կնվիրվի Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽՖՍՀ) և Թուրքիայի Հանրապետության փոխադարձաբար ճանաչման 100-ամյակին:
«Թուրքիայի հեռուստառադիոընկերութուններ» միջազգային լրատվական ալիքների գլխավոր խմբագիր Սերդար Կարագյոզի խոսքով՝ թուրքական կողմը համաձայնել է իր վրա վերցնել նկարահանումների նյութական ապահովումը:
«Մենք պատրաստ ենք ֆինանսապես և տեխնիկապես աջակցել նախագծին, ընդ որում՝ ցանկանում ենք, որ այն հետաքրքիր լինի ոչ միայն թուրք հեռուստադիտողին, այլև ամբողջ աշխարհին»,- ասել է Կարագյոզը:
«Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինն իր հերթին ֆիլմի համար հետաքիքիր սցենար գրելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով՝ ֆիլմի հիմնական նպատակը կլինի ցույց տալ «երկու տարբեր մշակույթների կրողների, որոնք միավորում են ամբողջ աշխարհը»:










