«Գահերի խաղը» սերիալն «Էմմի» մրցանակաբաշխությանն առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

23:36 • 16.07.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքով ցուցադրված «Գահերի խաղը» սերիալը 32 ռեկորդային թվով անվանակարգերում է առաջադրվել «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակում:

Ինչպես հայտնում է РБК-ն, այն ներկայացվել է «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում: Գլխավոր դերասան Քիթ Հարինգթոնին առաջադրել են «Տղամարդու լավագույն դեր դրամատիկական սերիալում», իսկ դերասանուհի Էմիլիա Կլարկին՝ «Կնոջ լավագույն դեր» անվանակարգերում:
 
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Լինա Հեդին, Մեյսի Ուիլյամսը, Գվենդոլին Քրիստին, Սոֆի Թերները: Դերասաններից այս անվանակարգում ներկայացվել են Փիթեր Դինքլեյջը, Ալֆի Ալլենը, Նիկոլայ Քոստեր-Վալդաուն: Քերիս վան Հաութենը ներկայացվել է «Լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում:
 
Առաջադրումների թվով երկրորդ տեղում է «Զարմանալի միսիս Մեյզել» սերիալը, որը ներկայացվել 20 անվանակարգում: Այս առումով առաջատար եռյակը եզրափակում է «Չեռնոբիլ» սերիալը, որը HBO և Sky հեռուստաալիքների համատեղ աշխատանքն է:

Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին:

«Գահերի խաղը» սերիալն «Էմմի» մրցանակաբաշխությանն առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում