Բեյոնսեն ներկայացրել է «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև իր 7-ամյա դուստրը (տեսանյութ, լուսանկարներ)

12:36 • 17.07.19

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն, որը 1994 թվականի «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի Disney-ի նոր տարբերակում հանդես է գալիս Նալա էգ առյուծի հնչյունավորմամբ, թողարկել է ֆիլմի սաունդթրեքի հիման վրա նկարահանված երաժշտական տեսահոլովակը, որում իր մասնակցությունն է ունեցել նաև Բեյոնսեի դուստրը՝ Բլու Այվին, գրում է Daily Mail-ը:

Բեյոնսեն Spirit from The Lion King նոր երաժշտական տեսահոլովակը հրապարակել է իր YouTube-ի էջում:

Տեսահոլովակում անցումներ են կատարվում «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի և երաժշտական տեսանյութի կադրերի միջև, և «իրական» կենդանական թագավորությունում ելույթ ունեցող երգչուհուն ձայնակցում են աֆրիկյան երգիչները:

Տեսարաններից մեկում երգչուհու դուստրը համապատասխան մանուշակագույն զգեստով մոտենում է իր մայրիկին, իսկ մյուս տեսարանում երգչուհին նստած է դստեր կողքին և շրջապատված է մի խումբ երգիչներով:

Երգչուհին տեսահոլովակում հայտնվում է մի քանի զգեստներով, ներառյալ՝ սևուսպիտակ կոստյում և տաբատ՝ համապատասխան գլխարկով, վառ վարդագույն և վառ դեղին զգեստներ:

Նշենք, որ «Առյուծ արքան» կինոթատրոններում կհայտնվի հուլիսի 19-ից:

 

 

Բեյոնսեն ներկայացրել է «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև իր 7-ամյա դուստրը (տեսանյութ, լուսանկարներ)