Փոլ Մաքքարթնին մասնակցություն կունենա «Այս հրաշալի կյանքը» հայտնի ֆիլմի նոր երաժշտական բեմադրությանը (լուսանկարներ)

15:54 • 18.07.19

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին բացահայտել է, որ իր մասնակցությունն է ունենալու ռեժիսոր Ֆրենկ Կապրայի` 1946 թվականին նկարահանած «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի նոր երաժշտական բեմադրությանը, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ բեմադրության երաժշտությունը գրելուց զատ, Մաքքարթնին «Թոնի» մրցանակակիր, անգլիացի գրող Լի Հոլի հետ կաշխատի նաև երաժշտության բառերի վրա, իսկ թատերական իմպրեսարիո Բիլ Քենրայթը կբեմադրի ներկայացումը:

Քենրայթի խոսքով՝ նա Փոլ Մաքքարթնիին այս առաջարկով դիմել է դեռևս երեք տարի առաջ՝ սիրելի ֆիլմի նոր տարբերակի ստեղծման համար իրավունքները ձեռք բերելուց անմիջապես հետո:

«Ամեն ինչ սկսվեց մի էլեկտրոնային հաղորդագրությունից, որտեղ Բիլն ինձ հարցնում էր՝ արդյոք ինձ չի՞ հետաքրքրի իր այդ առաջարկը»,- հայտնել է Մաքքարթնին:

«Մյուզիքլի համար երաժշտություն գրելն ինձ առաջ երբևէ չի գրավել, սակայն երբ ես և Բիլը հանդիպեցինք Լի Հոլին և սկսեցինք խոսել այդ թեմայի շուրջ, եկա այն եզրահանգմանը, որ այն կարող է հետաքրքիր լինել»,- հավելել է երգիչը:

Նա հույս ունի, որ հաջորդ տարի ներկայացումն արդեն թատրոններում կլինի:

Նշենք, որ ֆիլմի սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունը։

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Սթյուարտը: Ջորջը, ունենալով բազմաթիվ խնդիրներ, հայտնվում է անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառն իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական է ուղարկվում նրա պահապան հրեշտակը, որն օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։

 

Փոլ Մաքքարթնին մասնակցություն կունենա «Այս հրաշալի կյանքը» հայտնի ֆիլմի նոր երաժշտական բեմադրությանը (լուսանկարներ)