Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կբացի «Ճշմարտություն» ֆիլմը՝ Կատրին Դենյովի գլխավոր դերակատարմամբ

17:12 • 18.07.19

Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կբացի ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդայի «Ճշմարտություն» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Կատրին Դենյովն ու Ժուլյետ Բինոշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Ես մեծ ուրախությամբ իմացա այն մասին, որ իմ նոր ֆիլմն ընտրել են կինոփառատոնի բացման համար: Սա մեծ պատիվ է… «Ճշմարտություն»-ը նվիրված է ընտանեկան պատմությանը…»,- ասել է ռեժիսորը:

Կորեեդայի ֆիլմը նաև կընդգրկվի կինոփառատոնի հիմնական մրցույթում:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին ֆրանսիացի կինոաստղ է, որը շրջապատված է համընդհանուր ուշադրությամբ ու սիրով: Նա հուշագրություն է թողարկում, ինչից հետո Նյու Յորքից Փարիզ է մեկնում նրա դուստրը՝ իր ընտանիքի հետ: Շուտով երկու կանայք պայքարի մեջ են մտնում:

Հիշեցնենք, որ ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդան 2018 թվականին դարձել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղի» մրցանակակիր՝ «Խանութի գողերը» ֆիլմի համար:

Վենետիկի կինոփառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը:

Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կբացի «Ճշմարտություն» ֆիլմը՝ Կատրին Դենյովի գլխավոր դերակատարմամբ