ԵՄ առաքելությունը Պարսից ծոցում կարող է ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում. Իրան
Իրանի իշխանությունները կարծում են, որ Պարսից ծոցում անվտանգությանը հետևելու հարցում եվրոպական առաքելության ստեղծումը սպառնալիք է հանդիսանում և կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Վերջերս լսել ենք, որ եվրոպական երկրները ցանկանում են ռազմանավեր ուղարկել Պարսից ծոց: Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ նման գործողությունները սպառնալիք են հանդիսանում և կբերեն լարվածության ուժեղացմանը: Իրանը երկխոսության է հրավիրում բոլոր երկրներին և չի ողջունում սադրիչ գործողությունները»,- ասել է Ռաբիին:
ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կոալիցիա կստեղծի Պարսից ծոցի տարածաշրջանում` նավարկության ազատության ապահովման նպատակով: Հուլիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջարկել էր կոալիցիայում ընդգրկել աշխարհի տարբեր տարածաշրջաններ ներկայացնող երկրներին:
Նույն օրը հայտնի էր դարձել, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում սեփական դիտորդական առաքելությունն ստեղծելու համար:










