Բժշկի մեղքն ապացուցված չէ, նախարարությունը ոչնչով չի կարող օգնել առաջին կարգի հաշմանդամ նախկին զինվորականին. ՊՆ

18:02 • 12.08.19

Խաղաղապահ զորամասի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը Պաշտպանության նախարարության առջև այսօր բողոքի ակցիա էր իրականացնում: Նրան էին միացել նաև «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության անդամները: Նախկին զինծառայողը պահանջում է ֆինանսավորել իր բուժումն արտերկրում։

«2012 թվականին ծառայության ընթացքում փորիս շրջանում ուժեղ ցավեր ունեցա, տեղափոխեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատեցին, ինչի ընթացքում օրգաններ են հեռացրել՝ աղիքներս և լեղապարկս կամ լյարդս, լավ չեմ հիշում: Վիրահատությունից հետո ես դարձա առաջին կարգի հաշմանդամ՝ վիրահատող բժշկի մեղքով»,- ասաց նախկին զինծառայողը:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարևարքության կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթին վիրահատող բժիշկը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:

«Տեղի է ունեցել վիրահատություն, ինչի հետևանքով ի հայտ են եկել բարդություններ: Բարդացումների հանգամանքը արդյո՞ք վիրահատությունների արդյունքում էր թե ոչ, պետք էր ապացուցել դատական կարգով: Դավիթը պահանջում է, որ իր բուժումը կազմակերպվի արտերկրում, իսկ այդ մասով մենք ունենք որոշակի սահմանափակումներ: Նա, ցավոք սրտի, օրենքով նախատեսված չափորոշիչներին չի համապատասխանում»,-ասաց գնդապետ Ավետիսյանը:

Նրա խոսքով` եթե դատական կարգով ապացուցվի, որ Դավիթ Հակոբյանի հաշմանդամությունն առաջացել է սխալ վիրահատության ընթացքում, ապա նա կարող է դիմել փոխհատուցման համար, սակայն եթե բժշկի մեղքն ապացուցված չէ, նախարարությունը ոչնչով չի կարող օգնել:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանը 2012 թվականի հունվարի 31-ին՝ժամը 19:30-ի սահմաններում, շտապ օգնության մեքենայով որովայնի շրջանի սուր ցավերի գանգատներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև  տասներկումատնյա աղու խոցի թափածակման և տեղային շճաֆիբրինային պերիտոնիտի կապակցությամբ վիրահատվել էր։ 
Վիրահատությունից հետո Հակոբյանի մոտ հետվիրահատական շրջանը բարդացել էր վաղ աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ նա կրկին վիրահատվել էր:

Այնուհետև Հակոբյանի մոտ զարգացել էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։

Բուժման ավարտից հետո Դ. Հակոբյանը ներկայացվել է փորձաքննության և ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանի հավելված 1-ի «11բ» և «34բ» կետերի համաձայն ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայությանը: 

Մանրամասները՝ տեսանյութում: