Հոնկոնգում շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը. բոլոր չվերթները հետաձգվել են (լուսանկարներ)

20:29 • 12.08.19

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում հետաձգվել են բոլոր չվերթները՝ մեկնումներն ու ժամանումները՝ հակակառավարական ցույցի հազարավոր մասնակիցների պատճառով, որոնք շրջափակել են օդակայանն ու դեպի այն տանող ճանապարհները:

Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, Ասիայի ամենածանրաբեռնված օդականավակայանի ղեկավարությունը հրահանգել է չեղարկել բոլոր չվերթները մինչև օրվա վերջ: Արդեն իսկ օդում գտնվող օդանավերին թույլ կտան վայրէջք կատարել:

Աշխարհում ամենազբաղված օդանավակայաններից մեկը հանդիսացող հանգույցը մեկ օրում 800 չվերթ է սպասարկում: Աշխատանքների դադարեցումը գործնականում կազդի տասնյակ հազարավոր ուղևորների ծրագրերի վրա:

Հաղորդվում է, որ հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են օդակայան և զբաղեցրել թռիչքների սպասասրահը, մինչդեռ ևս հազարը շարունակում են նստացույց անել ժամանումների սրահում: Բողոքի ակցիան արդեն 72 ժամ է, ինչ շարունակվում է:

Հանգստյան օրերին իրավապահների և արտահանձնման մասին օրենքի հակառակորդների միջև տեղի ունեցած դաժան բախումներից հետո ցուցարարները մարդկանց կոչ են անում միանալ իրենց՝ արտահայտելու դժգոհությունը:

Կիրակի շուրջ 40 մարդ տուժել է ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով:

Հիշեցնենք, որ Հոնկոնգի իշխանություններն ապրիլին օրենք են ներկայացրել, որով թույլատրում են Չինաստանում քրեական հետապնդման ենթակա անձանց արտահանձնումը մայրցամաք: