Նա կարող է նրանց իր հետ Հոլիվուդ տանել. Իտալիայի փոխվարչապետի կոշտ արձագանքը Ռիչարդ Գիրի կոչին Միջերկրական ծովում գտնվող ներգաղթյալների վերաբերյալ

23:02 • 12.08.19

Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին կոշտ պատասխան է տվել ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրին, ով քննադատել էր երկրին, որը մերժում է ընդունել 121 ներգաղթյալներով Open Arms իսպանական նավը, որը շարունակում է մնալ Միջերկրական ծովում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իտալացի գործիչը, որի կուսկացությունն առաջատարն է եղել վերջերս կայացած եվրոպական ընտրություններում, հոլիվուդյան դերասանին կոչ է արել ներգաղթյալներին պահել իր իսկ առանձնատներում:

«Առատաձեռն միլիոնատերը, որը բարձրաձայնում է իր մտահոգությունն Open Arms-ի ներգաղթյալների մասին, կարող է նրանց իր անձնական ինքնաթիռով իր հետ տանել Հոլիվուդ և պահել իր վիլլաներում: Շնորհակալություն, Ռիչարդ»,- ասել է Սալվինին:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Գիրն օրեր առաջ սնունդ էր հասցրել իտալական Լամպեդուզա կղզու ափամերձ ջրերում գտնվող նավի վրա բնակվող մարդկանց, որոնց ոչ մի եվրոպական երկիր չի համաձայնում ընդունել:

Ներգաղթյալների հանդեպ վերաբերմունքը նա խայտառակություն էր անվանել՝ կոչ անելով նաև իր երկրի նախագահին փոխել վերաբերմունքը: