Givenchy-ն, Versace-ն, Coach-ը ներողություն են խնդրել Չինաստանից՝ շապիկների վրա երկրի «տարածքային ամբողջականությունը խախտող» գրառումների համար

14:09 • 13.08.19

Coach ապրանքանիշը, Givenchy ֆրանսիական նորաձևության տունը և Versace իտալական նորաձևության տունը ներողություն են խնդրել չինացի գնորդներից՝ իրենց շապիկների վրա առկա գրառումների համար: Նման կերպ ընկերություններն արձագանքել են իրենց արտադրանքը բոյկոտելու կոչերին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ Givenchy-ն, որն իր շապիկների վրա Հոնկոնգն ու Թայվանը նշել է որպես Չինաստանից անկախ տարածքներ, նախընտրել է ներողություն խնդրել չինական Weibo սոցիալական ցանցում:

«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը տեղի ունեցած սխալների համար, որոնք օգտատերերի շրջանում քննարկման պատճառ են դարձել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք թույլ տրված անփութության համար: Givenchy-ն միշտ հարգել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և հավատարիմ է եղել միասնական Չինաստանի սկզբունքին»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Coach-ի ներողությունը հայտնվել է Twitter-ում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ շապիկների դիզայնում «անփութությունը» թույլ է տրվել դեռ 2018 թվականին, որից հետո ամբողջ խմբաքանակը հանվել է վաճառքից:

Ավելի վաղ համանման մեղադրանքներ էին հնչել նաև Versace նորաձևության տան հասցեին, որի շապիկների վրա Չինաստանից առանձին տարածքներ են ներկայացվել Հոնկոնգն ու Մակաոն:

Իտալական Versace նորաձևության տան փոխնախագահ և գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն ներողություն է խնդրել շապիկների մոդելներից մեկի վրա առկա տպագորության համար, որում Հոնկոնգը և Մակաոն որպես առանձին տարածքներ են պատկերված: