L'Oréal-ն ավելի քան 91 մլն դոլար տուգանք կվճարի առևտրային գաղտնիքի գողության համար
ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարանի երդվյալ ատենակալների խորհուրդն օգոստոսի 12-ին վճիռ է կայացրել առ այն, որ ֆրանսիական L'Oréal կոսմետիկ ընկերությունը պարտավոր է ամերիկյան ստարտափին ավելի քան 91 մլն դոլար տուգանք վճարել առևտրային գաղտնիքի գողության և պայմանագրի ու արտոնագրերի խախտման համար, հաղորդում է gcimagazine.com-ը:
Հաղորդվում է, որ ֆրանսիական ընկերությունը մեղավոր է ճանաչվել 2017 թվականին բացված գործով: Այն ժամանակ կալիֆոռնիական Olaplex ստարտափը նրան մեղադրում էր գունաթափման ժամանակ մազերի պաշտպանության համակարգի արտոնագրերը գողանալու, ինչպես նաև պայմանագիրը խախտելու և 2015 թվականին երկու ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ առևտրային գաղտնիքներ գողանալու համար:
Դատարանը եկել է այն եզրակացությանը, որ ընդհանուր առմամբ մեղադրանքի բոլոր կետերով L'Oréal-ը պետք է վճարի շուրջ 91,3 մլն դոլար:
Նշվում է նաև, որ երդվյալ ատենակալները որոշել են, որ ֆրանսիական ընկերության գործողությունները կանխամտածված են եղել, ինչի կապակցությամբ դատավորը կարող է հետագայում ավելացնել տուգանքի չափը:










