Բրիտանուհին 10 տարի շարունակ կարծել է, թե գլխուղեղի քաղցկեղի ախտանշանները քրոնիկ հոգնածության հետևանք են (լուսանկարներ)
Անգլիական Բաքինգհեմշիր կոմսության Միլթոն Քինս քաղաքի բնակչուհին 10 տարի շարունակ գլխուղեղի քաղցկեղի ախտանշաններ է ունեցել, որոնք կարծել է, թե քրոնիկ գերհոգնածության հետևանք են, գրում է The Sun պարբերականը:
Չորս երեխաների մայրը վստահ էր, որ գերհոգնածությունը, գլխապտույտը և գլխացավերը պայմանավորված են վաղ մայրության սթրեսով, և կարծում էր, որ նման իրավիճակում բոլոր կանանց մոտ գերհոգնածություն է լինում:
32-ամյա Էմիլի Կորիգանը ցնցվել է, երբ բժիշկները հայտնել են, որ նա գլխուղեղի քաղցկեղ ունի:
«Գլխիս շրջանում սարսափելի ցավեր ունեի ու միշտ հոգնածություն էի զգում»,- իր հիվանդության ախտանշանների մասին պատմել է չորս երեխաների մայրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2015 թվականին Էմիլիի ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո, կնոջը հիվանդանոց է տեղափոխել ամուսինը:
Այդ ժամանակից ի վեր նա գլխուղեղի երկու վիրահատություն է տարել, ընդ որում՝ վերջինը եղել է անցյալ տարվա հոկտեմբերին:
Հաղորդվում է, որ Էմիլին այժմ քիմիաթերապիա է ստանում:
Կինը բոլորին հորդորում է զգուշանալ ցանկացած ախտանշանի դեպքում և անպայման բժշկի դիմել:















