Իտալիայի նախագահն ասել է, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ջենովայում տեղի ունեցած և 43 զոհի հանգեցրած կամրջի փլուզումից կարելի էր խուսափել
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան կարծում է, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ջենովայում տեղի ունեցած Մորանդի կամրջի փլուզումից կարելի էր խուսափել: Նրա խոսքերը հրապարակվել են իտալական IL Secolo XIX թերթում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 14-ին կամրջի փլուզման հետևանքով 43 մարդ է մահացել:
«Մեկ տարին, որ հեռացնում է մեզ այդ ողբերգական դեպքից, զուր չի անցել: Ամուր և գեղեցիկ կամրջի նոր նախագիծն արդեն պատրաստ է, դրա շինարարությունն արդեն սկսվել է: Նոր կամուրջը կարող է բուժել վերքը և կրկին միացնել քաղաքը, որը կիսվել էր երկու մասի»,- ասել է նախագահը դեպքի տարելիցի առնչությամբ:
Նրա խոսքով՝ նոր կամուրջը միշտ հիշեցում կլինի այդ ողբերգական դեպքի, որից հնարավոր և հարկավոր էր խուսափել:
Հիշեցնենք, որ իտալական Ջենովա քաղաքում կամրջի մասնակի փլուզման հետևանքով զոհվել է 43 մարդ։
Կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել էր 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել էին 2016թ.: Այն անցնում էր գետի, երկաթուղու ու մի շարք շինությունների վրայով:
Հայտնի է, որ փլուզման հետևանքով բազմաթիվ մեքենաներ, տոննաներով պողպատ, բետոնի ահռելի բեկորներ թափվել էին գետն ու հարակից հատվածում:











