ԱՄՆ-ում 6-ամյա երեխան հազվագյուտ հիվանդության պատճառով երբեք չի սնվել
ԱՄՆ-ի Օգայո նահանգում բնակվող 6-ամյա Կոեն Բրեմլին հազվագյուտ հիվանդության պատճառով երբեք չի սնվել: Նա այս 6 տարիների ընթացքում անհրաժեշտ սննդանյութերն ստանում է ստամոքսում դրված խողովակի միջոցով: Այս մասին հայտնում է Good Morning America-ն:
Ցանկացած սնունդ ընդունելուց հետո նրա մոտ առաջանում է սրտխառնոց: Երեխայի օրգանիզմը սնունդն ընդունում է որպես վտանգ և «ստիպում է» այն դուրս հանել: Հակառակ դեպքում` նրա մոտ սկսվում է շոկային իրավիճակ:
Բժիշկները հիվանդությունն անվանում են գենետիկ մուտացիա: Այս ընթացքում երեխայի ներքին օրգանները տուժել են: Այժմ նրան սպասվում է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, սակայն մինչ բժշկական միջամտությունը նա պետք է ֆիզեոթերապիայի կուրսեր անցնի:
«Դժվար է լսել, որ երեխադ նման հիվանդությամբ միակն է աշխարհում: Կոենը ուժեղ և դրական տղա է, նա անում է հնարավոր ամեն բան և նույնիսկ ոգեշնչում է մեզ: Առաջին անգամ տղայիս փրկելու հույսեր են արթնացել»,- ասել է երեխայի մայրը:










