Դատարանը մերժել է Հայրիկյանի բուժման համար հատկացված 20,5 մլն դրամը փոխհատուցելու՝ Դատախազության պահանջը. Hetq.am

16:53 • 28.10.26

Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Նարինե Ավագյան) մերժել է Գլխավոր դատախազության հայցը՝  Պարույր Հայրիկյանի բուժման համար պետության հատկացրած 20 մլն 500 հազար դրամը երեք դատապարտյալներից բռնագանձելու պահանջով։ Գումարը հատկացվել է 2013թ․-ին՝ նախագահի թեկնածու Հայրիկյանի դեմ մահափորձից հետո՝ արտերկրում նրա բուժումը կազմակերպելու նպատակով։ Դատարանը էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասով հայցը մերժել է վաղեմության ժամկետն անցնելու, իսկ Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի մասով՝ գումարը նրանցից հետ պահանջելու իրավական հիմքի բացակայության պատճառով, գրել է «Հետք»-ը: 

Ինչո՞ւ էր պետությունը 20.5 մլն դրամ հատկացրել Պարույր Հայրիկյանին

2013թ.-ի հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել։ Նույն թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով Վարդան Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել Հայրիկյանի սպանությունը կազմակերպելու համար և դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ Դատարանը հաստատել էր, որ Սեդրակյանը 2013թ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին պատվիրել էր սպանել Հայրիկյանին՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Զենք ձեռք բերելու համար Սեդրակյանը նրանց տվել էր 1000 ԱՄՆ դոլար։

Դատավճռի համաձայն՝ Պողոսյանն ու Հարությունյանը հետևել էին Հայրիկյանի տեղաշարժին և ուսումնասիրել նրա օրակարգը։ 2013թ.-ի հունվարի 31-ի երեկոյան Պողոսյանը մոտ մեկ մետր հեռավորությունից երկու անգամ կրակել էր Հայրիկյանի կրծքավանդակին։ Սակայն, ըստ դատավճռի՝ սպանությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։ Պողոսյանը դատապարտվել է 14, իսկ Հարությունյանը՝ 12 տարվա ազատազրկման։ Պողոսյանը դատապարտվել է նաև ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար։

2013թ.-ի մարտի 28-ին Կառավարությունը որոշել է պետական բյուջեի պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը 20 մլն 500 հազար դրամ հատկացնել՝ Հայրիկյանին արտերկրում բուժելու նպատակով:

Պարույր Հայրիկյանը իր դեմ կատարված մահափորձի քրեական գործի քննության շրջանակում մեղադրյալներից պահանջել է նաև փոխհատուցել ապագայում կատարվելիք բժշկական ծախսերը։ Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը 2013թ.-ի նոյեմբերի 25-ի որոշմամբ այդ պահանջը թողել է առանց քննության՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի քաղաքացիական դատավարության կարգով։ Խոսքը, մասնավորապես, երկու տարի անց նախատեսված կրկնակի վիրահատության համար անհրաժեշտ ծախսերի մասին էր։ 

Դատախազությունը հայցը ներկայացրել է ավելի քան 12 տարի անց

2025թ․-ի նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազությունը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե արդյոք պետական մարմիններից որևէ մեկը դատարան հայց ներկայացրել է Պարույր Հայրիկյանի բուժման համար հատկացված գումարը վերադարձնելու պահանջով։

Առողջապահության և Ֆինանսների նախարարությունները հայտնել են, որ պետության կողմից հատուցված վնասը բռնագանձելու համար դատարան հայց չեն ներկայացրել։ Ֆինանսների նախարարության պարզաբանմամբ՝ գումարը հատկացվել է Կառավարության որոշմամբ, հետևաբար նախարարությունը հայց ներկայացնելու փաստական ու իրավական հիմքեր չի ունեցել։

Դրանից հետո՝ 2025թ.-ի դեկտեմբերի 26-ին, Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից և Սամվել Հարությունյանից համատեղ բռնագանձել 20.5 մլն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։

Դատախազության դիրքորոշմամբ՝ Կառավարությունը Հայրիկյանի բուժման համար գումար է հատկացրել այն հանցագործության հետևանքով, որի համար դատապարտվել է երեք անձ: Քանի որ գումարը պետական բյուջե չի վերադարձվել, Դատախազությունը գտնում է, որ այն պետք է բռնագանձել նրանցից։

Դատարանը հաստատված է համարել, որ Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի գործողությունների հետևանքով Հայրիկյանը ֆիզիկական վնաս է կրել։ Սակայն, ըստ դատարանի, այդ փաստը դեռ չի նշանակում, որ պետությունը պարտավոր էր Հայրիկյանի վնասը հատուցել, իսկ հետագայում նույն գումարը պահանջել դատապարտյալներից։

Հակակոռուպցիոն դատարանը նշել է, որ Պ. Հայրիկյանին վնաս պատճառած անձինք պետական պաշտոնյաներ չեն եղել։ Հետևաբար, այս դեպքում պետությունը օրենքով պարտավոր չէր հատուցել մասնավոր անձանց կողմից կատարած հանցագործության հետևանքով առաջացած վնասը։

Դատարանն ուսումնասիրել է նաև Կառավարության՝ գումար հատկացնելու որոշումը։ Դրա հիման վրա եզրակացրել է, որ գումարը տրամադրվել է Պարույր Հայրիկյանի բուժմանն աջակցելու նպատակով, ոչ թե այն պատճառով, որ պետությունը օրենքով պարտավոր էր փոխհատուցել նրա վնասը։ 

Վարդան Սեդրակյանի մասով գործն առանձնացվել է, և Հակակոռուպցիոն  դատարանը հայցը մերժել է այլ հիմքով։ Դատարանը գտել է, որ Դատախազությունը բաց է թողել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար նախատեսված եռամյա ժամկետը։

Դատախազությունը պնդել է, որ պետական շահերի հնարավոր խախտման մասին իմացել է 2025թ.-ին, երբ Գլխավոր դատախազություն է ստացվել Սեդրակյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդության քննության վերաբերյալ ծանուցագիրը։ Սակայն դատարանը հիմնավոր չի համարել այդ բացատրությունը։ Դատարանի գնահատմամբ՝ դատախազությունն անհրաժեշտ տեղեկություններն ունեցել է դեռևս 2013թ.-ի նոյեմբերի 25-ին։ Այդ օրը Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Հայրիկյանի ապագա բժշկական ծախսերի փոխհատուցման հարցը պետք է լուծվի քաղաքացիական դատավարության կարգով։ Իսկ այդ ընթացքում Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց չի ներկայացրել:

Հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ այդ որոշումն արդեն բավարար տեղեկություն էր՝ գումարը վերադարձնելու պահանջով դատարան դիմելու հարցը բարձրացնելու համար։ Հետևաբար, Դատախազության պնդումը, թե խնդրի մասին իմացել է միայն 2025թ-ին, հիմնավոր չէ։

Քանի որ հայցը ներկայացվել է 2025թ.-ի դեկտեմբերին՝ 2013թ.-ի նոյեմբերի 25-ից ավելի քան 12 տարի անց, դատարանը եզրակացրել է, որ Սեդրակյանի մասով եռամյա ժամկետն անցել է։ Այդ պատճառով հայցը մերժվել է՝ առանց գումարը վերադարձնելու պահանջն ըստ էության քննելու։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: