Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

12:27 • 28.10.26

Ցավով պետք է արձանագրեմ, որ այս անչափ կարևոր և զգայուն հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ և դա իսկապես բացասական հետևանք ունեցավ այս օրենքի նախագծի բովանդակության մեջ մտնելու համար, Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդադառնալով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Իրականում այս օրենքը գործում է դեռևս 2017 թվականից և օրենքի նախագծի հեղինակները բերել են լրացումներ և ավելի խիստ պատիժներ սահմանելու իրենց տարբերակները։ 

Տիկին Բաթոյան, այստեղ ես ուզում եմ խոսել գործուն զղջման ինստիտուտի մասին, որը ներդրել եք, որը հավասարեցված է իսկապես խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, այսինքն՝ հավասարեցված է այս տիպի քրեական գործերի հետ, ինչն անթույլատրելի է, որովհետև տեսականորեն, եթե որևէ մեկը կարող է զղջալ իր կատարած հանցանքի համար, ենթադրաբար դա կարող է լինել ընտանիքի անդամը։ Այսինքն՝ ընտանիքի անդամի նկատմամբ իրականացված բռնությունն ընդհանրապես ընդունելի չէ, բայց եթե տեսականորեն որևէ մեկը կարող է զղջալ, վստահաբար այդ մարդը կարող է լինել, որ զղջա։ 

Հետևաբար, ես կարծում եմ՝ սա անհամաչափ պատիժ է, որը ո՛չ կապ ունի պաշտպանության հետ, ո՛չ կապ ունի կանխարգելման հետ։ Բայց ես ուզում եմ ընդհանուր առմամբ անդրադառնալ այն քարոզչական թեզերին, որ անցնող ամիսներին շրջանառվել են։ Մասնավորապես՝ ասվում է, որ մեր ընտանիքը բռնության մշակույթ կրող է։ 

Չկա հասարակություն, որտեղ բռնություն չլինի, որտեղ ընտանեկան բռնություն չլինի և դա դատապարտելի է, բայց մեր ընտանեկան մոդելն ամենևին բռնության մասին չէ, դրանք առանձին դեպքեր են, որոնց պետք է անդրադառնալ: Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել:

Սիրելի՛ կանայք, իսկապես, երբեք չհանդուրժեք ձեր նկատմամբ իրականացվող բռնությունը, երբեք: Եթե մտածում եք հասարակության աչքից հեռու, ուղղակի գաղտնի մնալ, պետք չէ, որովհետև այդ հասարակությունն անտարբեր է լինելու, երբ ձեր նկատմամբ բռնություն է իրականացվում: Եթե հանուն երեխաների՝ ձեր երեխաները պետք է պաշտպանված լինեն, բայց թույլ չենք տալու, որ այդ առանձին դեպքերը ներկայացվեն որպես հայ ընտանիքի մոդել, այդպես չէ»-նշել է նա: