Եթե առաջիկայում Ամուլսարի խնդիրը չկարգավորվի, Ջերմուկ և Սևան տանող ճանապարհները փակելու ենք այնպես, որ զբոսաշրջիկներն էլ չկարողանան մտնել․ հանրային քննարկման մասնակիցներ

21:47 • 20.08.19

Հայկական բնապահպանական ճակատի՝ Սարյանի արձանի պուրակում կազմակերպած հանրային քննարկումն՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի գործողությունների քննարկման հետ կապված, ավարտեց: Քաղաքացիներն իրենց առաջարկություններում կարևորեցին Ամուլիսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրների հանրային իրազեկումը:

Առաջարկ եղավ նաև վրաններով նստացույցներ կազմակերպել: «Եթե մոտ օրերս կառավարությունը չլուծի Ամուլսարի հետ կապված խնդիրը, ապա Ջերմուկ և Սևան տանող ճանապարհները փակելու ենք այնպես, որ տուրսիստներն էլ չկարողանան մտնել, միևնույն է, այդ տարածքներն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում թունավորված վայր են դառնալու»,- ասաց ցուցարարը:

ՀԲՃ ներկայացուցիչներն այն անձանց, որոնք ցուցմուքն են տվել Քննչական կոմիտեում, առաջարկեցին գալ այս քննարկումներին և ներկայացնեն իրենց ցուցմունքները, քանի որ այդպես ավելի պարզ կլինի Ամուլսարի հանքի շահագործման վտանգները:

Որոշվեց, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 18։30-ին, Երևանի կենտրոնում կկազմակերպվի մեծ քայլերթ՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։ Քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։

«Քայլերթի նպատակն այն է, որ զորակցություն հայտնենք Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին, մեր հստակ դիրքորոշումն արտահայտենք թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին, մեր միասնականության և հավաքականությունը երևացնենք Ամուլսարի պաշտպանության հարցում»,- նշեցին նրանք: