Վահե Էնֆիաջյանը Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է վիզաների տրամադրման ավելի արդյունավետ և դյուրին ընթացակարգերի ձևավորմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:
Կարևորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարևորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջև արագ արձագանքն ու լուծումներ գտնելը:
Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ և դյուրին ընթացակարգերի ձևավորմանը վերաբերող հարցեր: Արժևորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը և դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը ևս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջև դիվանագիտական փոխգործակցությունը:










