Ֆրանսիայում ձերբակալվել է G7-ի գագաթնաժողովի ժամանակ հրդեհ ծրագրելու համար մեղադրվող 5 ծայրահեղական

20:17 • 20.08.19

Ֆրանսիայում իրավապահները ձերբակալել են 5 ծայրահեղական ակտիվիստների, որոնք կասկածվում են Բիարիցում G7-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ այն հյուրանոցի վրա հարձակում ծրագրելու համար, որտեղ պետք է գիշերեն ժանդարմները, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Կասկածյալներից 4-ը տղամարդ են, 1-ը՝ կին՝ 24-45 տարեկան: Նրանք ձերբակալվել են սոցկայքերի մոնիթորինգի արդյունքում: Ձերբակալվածներն իրավապահ մարմիններին հայտնի են եղել անարխիստական շարժումների մասնակցությամբ:

Հաղորդվում է, որ կասկածյալները սոցկայքերում փոխանակվել են G7-ի գագաթնաժողովի ժամանակ պահակախմբում աշխատող օրինապահների գտնվելու վայրի մասին տեղեկություններով: Նրանք քննարկել են հյուրանոցներից մեկի վրա հարձակման և այն հրդեհելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովի անվտանգությունը կապահովի ավելի քան 10 000 ոստիկան և ժանդարմության աշխատակից: