Արցախի արտգործնախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերուն հայրենիք վերադարձնելու հնարավորությունները

18:26 • 20.08.19

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ: