Ֆիլիպինների նախագահը երկրի տարածքային ջրերով առանց թույլտվության նավարկող օտարերկրյա նավերին զգուշացրել է հետևանքների մասին

21:27 • 20.08.19

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն զգուշացրել է առանց թույլտվության երկրի տարածքային ջրերով անցող նավերին` հետևանքների մասին, գրում է РИА Новости-ն:

Նախագահի զգուշացմանը նախորդել է երկրի ռազմական ուժերից ստացված տեղեկությունն այն մասին, որ վերջերս 5 չինական ռազմանավ հատել են Սիբուտու կղզու մոտ գտնվող նեղուցը՝ առանց այդ մասին Ֆիլիպինների իշխանություններին տեղյակ պահելու:

«Հետագայում անախորժություններից խուսափելու համար նախագահը հայտնում է, որ այսուհետ բոլոր օտարերկրյա նավերը, որոնք կցանական անցնել մեր տարածքային ջրերով, պետք է փաստացի անցումից առաջ ծանուցեն այդ մասին իշխանություններին և թույլտվություն ստանան»,- ասել է նախագահի պաշտոնական ներակայցուցիչ Սալվադոր Պանելոն:

Պանելոն հավելել է, որ իշխանությունները կարող են չարտոնված մուտքի դեպքում կալանել տվյալ նավը և ստիպել անձնակազմին «դուրս գալ» իրենց տարածքային ջրերից: Նա նշել է նաև, որ չինական ռազմական նավերի՝ առանց թույլտվության Ֆիլիպինների ջրերով նավարկելը բարեկամության արտահայտություն չէ և խախտում է ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: