Լավագույն հինգ հարթակներն ուսուցիչների և սովորողների համար
21-րդ դարում առանց առցանց հարթակների գրեթե անհնար է կազմակերպել որակյալ և հետաքրքիր դասապրոցես։ Առցանց հարթակներից օգտվում են թե՛ սովորողները, թե՛ ուսուցիչները և թե՛ ծնողները։ Մենք առանձնացրել ենք հայալեզու 5 առցանց հարթակ, որոնք, կարծում ենք, լավագույն օգնությունը կարող են լինել ուսուցիչների համար՝ դասը փոխգործուն և նորարարական մեթոդներով անցկացնելու համար։
1. Dasaran.am
Dasaran-ը կրթական միջավայր է, որտեղ նորարարական ուսուցումը լայն հորիզոններ է բացում երեխաների համար:
Կրթական ծրագիրը մեկ առցանց հարթակում է համախմբել Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:
Կայքում առկա էլեկտրոնային օրագիրը և էլեկտրոնային մատյանը աշակերտների, ծնողների, ուսուցիչների և դպրոցի անձնակազմի համար մշակված գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս ստուգելու դպրոցականների առաջադիմությունը և տեղեկություն ստանալու տնային հանձնարարությունների, բացակաների, կարգապահության, կիսամյակային գնահատականների և դասավանդվող առարկաների մասին։
Աշակերտների, ծնողների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված վիճակագրական գործիքի միջոցով հնարավոր է հետևել աշակերտների առաջադիմության վարկանիշային տվյալներին դասարանի, դպրոցի կամ մարզի կտրվածքով, տեղեկություն ստանալ յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականի, աշակերտների առաջադիմության և բացակաների քանակի մասին: Մեկ այլ գործիքի միջոցով ուսուցիչը կարող է պարզել, թե աշակերտներից յուրաքանչյուրը որքանով է յուրացրել դասաժամի ընթացքում մատուցված նյութը: Կայքում ուսուցիչները կարող են նաև ձևավորել խմբեր, որտեղ կկարողանան քննարկել կրթության ոլորտի բազմաբնույթ խնդիրներ՝ մատնանշելով նաև լուծման ուղիները:
«Քան» ակադեմիան ամբողջովին անվճար ուսումնական հարթակ է: Այն ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական, հասարակական հնարավորություններից և վայրից։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն էլ աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:
«Քան»-ը համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսին են NASA-ն, Ժամանակակից արվեստների թանգարանը, Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ «Քան» ակադեմիայի հարթակից օգտվում է 60 միլիոն մարդ աշխարհի 190 երկրից։
Այն տեղայնացվում է 30-ից ավելի երկրի կողմից։
Ինչ հնարավորություններ է ընձեռում «Քան» ակադեմիան
Անհատականացված ուսում ու ինքնակրթություն։ «Քան» ակադեﬕան առաջարկում է ուսուցողական նյութեր, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։ Հարթակում սովորողն ունի ոչ ﬕայն օգտվելու, այլ նաև իր ուսումը կազմակերպելու և նոր նյութերին անընդհատ տեղեկացված լինելու հնարավորություն:
Դասարանային ուսուﬓառություն։ «Քան» ակադեﬕան դասարան բերելով՝ ուսուցիչները զգալիորեն բարելավում են իրենց սաների ուսուﬓառության արդյունքները։ Սա հնարավորություն է տալիս ուսուցիչներին, որ գտնեն ուսուցման լավագույն մոդելը և կարողանան ժամանակ տրամադրել սովորողներին աջակցելուն և ոգևորելուն:
Արդեն երկու տարի է՝ Հայաստանը միացել է այս ծրագրին՝ հայ սովորողների համար հասանելի դարձնելով «Քան» ակադեմիայի նյութերը, որոնք տեղայնացվում են «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2017 թվականից։
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը պատրաստել է հայերեն 2800-ից ավելի տեսանյութ և 1200-ից ավելի վարժություններ և ուսուցողական նյութեր հետևյալ բաժիններից՝ մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ծրագրավորում, արվեստներ, ֆինանսներ և կապիտալի շուկա, ձեռնարկատիրություն, կրթություն, բնական գիտություններ։ «Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են ամբողջովին անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։
3. ԻմԴպրոց
«ԻմԴպրոց» կայքը համացանցային կրթական ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար։ Այն հայաստանյան կայք է, որը գործում է 2015 թվականից։
«ԻմԴպրոցը» սերտ համագործակցում է Ռուսաստանի «ЯКласс» կայքի հետ, որը Ռուսաստանում համարվում է լավագույն կրթական հարթակը տասնյակ հազարավոր դպրոցների համար: Այն նաև լայնորեն կիրառվում է Լատվիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում և Ավստրիայում:
«ԻմԴպրոց»-ն օգնում է ուսուցիչներին դասավանդման գործընթացում։ Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով աշակերտներին հանձնարարել դասարանային ու տնային աշխատանքներ և ստուգել դրանք: Աշակերտների համար այն առաջադրանքների էլեկտրոնային շտեմարան է և անսահման վարժանքների հարթակ: Կայքի առաջադրանքները ստեղծվում են GenExis ծրագրով, որը ստեղծում է հսկայական թվով տարբերակներ՝ լիովին բացառելով արտագրության հնարավորությունները:
«ԻմԴպրոց» կայքի էլեկտրոնային շտեմարանը, որ ներկայումս ընդգրկում է առաջադրանքներ 9 առարկայից, Հայաստանում առկա ամենամեծ «խնդրագիրքն» է։
Աշակերտի առաջադիմության աճի միջին ցուցանիշը կազմում է 15%՝ կայքով կանոնավոր պարապելու դեպքում: Կայքն ուսումնական գործընթացում օգտագործելու դեպքում ուսուցիչը տնտեսում է իր աշխատանքային ժամանակը մոտ 30%-ով։
4. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը ևս կրթական լայն հնարավորություններ ընձեռող հարթակներ են։
«Հայկական կրթական միջավայր» ֆորումում հանրային քննարկման են ներկայացվում կրթական փաստաթղթեր, ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծեր, մրցույթներով անցած, դպրոցներում փորձարկվող դասագրքեր, կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվություններ:
«Պաշարների շտեմարան» կայքի ստեղծման նպատակը կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կարող եք գրանցվել և ընդամենը մի քանի գործողությամբ կայքում տեղադրել Ձեր սեփական նյութերը, մեկնաբանել ու գնահատել գոյություն ունեցողները, առանց գրանցվելու ներբեռնել, ուսումնասիրել և օգտագործել կայքում տեղադրված պաշարները:
5. Բուն TV
«Բուն TV»-ն առաջին հայկական գիտամասնագիտական առցանց հեռուստատեսությունն է: Նրա առաքելությունը գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը նպաստելն է: «Բուն TV»-ի հիմնադիրները վստահ են, որ կրթությունը պետք է լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և բոլորին հասանելի:
«Բուն TV»-ի նպատակներն են՝
1. մասնագիտական դիրքորոշումը հանրությանը ներկայացնելը,
2. գիտությամբ և արվեստով զբաղվող մարդկանց ճանաչելի դարձնելը,
3. արվեստը, գիտությունը և կրթությունը խրախուսող հարթակներ ստեղծելը,
4. ինտելեկտը որպես հանրային արժեք հանրահռչակելը:
Հարթակում կարող եք գտնել 1000-ից ավելի տեսանյութ hնագիտության, հոգեբանության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, փիլիսոփայության, մշակութաբանության, պատմության, պոեզիայի, արվեստների և մի շարք այլ բաժիններից։
«Բուն TV»-ի տեսանյութերն ամբողջովին անվճար են և առաջարկում են լայն տեղեկույթ ու գիտելիք մի շարք արդիական թեմաների մասին։










