Ողջ աշխարհում ցուցարարները դուրս են եկել Բրազիլիայի դեսպանատների մոտ՝ պահանջելով նախագահից քայլեր ձեռնարկել Ամազոնի անտառներում  ռեկորդային թվով հրդեհները մարելու համար

23:08 • 23.08.19

Ամբողջ աշխարհում ցուցարարները դուրս են եկել Բրազիլիայի դեսպանատների մոտ՝ պահանջելով նախագահ Ժաիր Բոլսոնարուից քայլեր ձեռնարկել Ամազոնի արևադարձային անտառներում  ռեկորդային թվով հրդեհները մարելու համար, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները Լոնդոնում, Ժնևում, Փարիզում, Մադրիդում, Միլանում և Բեռլինում հավաքվել են հյուպատոսարանների մոտ և ճանապարհներ փակել՝ պատմության մեջ վատագույն հրդեհները կանգնեցնելու կարգախոսներով և պաստառներով:

Բողոքի ցույցի մասնակիցները Փարիզում Բրազիլիայի դեսպանատան մոտ վանկարկել են՝«Բոլսոնարու, հեռացի՛ր»:

Ցույցերը հաջորդել են  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն դիտարկմանը, որ Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները «միջազգային ճգնաժամ» է, որը պետք է «Մեծ Յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովի օրակարգում առաջնային քննարկման դրվի:

Մեծ Բրիտանիայում ցույցի մասնակիցները հավաքվել են երկրի մայրաքաղաքում գտնվող հյուպատոսության մոտ՝ կոչ անելով Բոլսոնարույին կանխել Ամազոնի արևադարձային անտառների զանգվածային հրդեհները:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել:

Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: