Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

20:13 • 23.08.19

Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գևորգյանի՝ Facebook-ում իր վրդովմունքը արտահայտելուց հետո,  կազմակերպիչները նրան դատական գործով են սպառնացել, այս մասին շախմատիստուհին պատմել է BBC-ին:

Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատի կանանց եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր:

Գևորգյանի խոսքով՝ նա որևէ հատուկ ցանկություն չի ունեցել մասնակցելու թուրքական մրցաշարին, սակայն օգոստոսի 7-ին նա հրավեր է ստացել կազմակերպիչներից, որոնք նաև առաջարկել են վճարել ճանապարհածախսի և կեցության համար:

Գևորգյանը, ի վերջո, համաձայնել է, սակայն շուտով կազմակերպիչներից Մուստաֆա Էրօղլուն չեղարկել է հրավերը:

Նա գրել է Գևորգյանին, որ ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:

Գևորգյանն Facebook-ի իր էջում հրապարակել է Էրօղլուի հաղորդագրության լուսանկարը:

«Յուրաքանչյուր երկրում, որտեղ էլ որ ելույթ ունենամ, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր ընդդիմախոսներին՝ անկախ նրանց ազգությունից կամ քաղաքական հայացքներից»,- գրել է Գևորգյանը:

Մարիա Գևորգյանը բողոք է հղել ՖԻԴԵ-ին: Նրա խոսքով՝  հրավերի չեղարկումը իր ազգության պատճառով համարում է խիստ վիրավորական:

Շախմատիստուհու հաղորդմամբ՝ Էրօղլուն կապվել է իր հետ և մեղադրել նամակագրության գաղտնիությունը խախտելու մեջ՝ սպառնալով դատի տալ: