Նախընտրական փուլում Թունյանը ոչ միայն հարցրել է «Պողոսի» բազմամարդ ընտանիքի կարծիքը, այլև Փաշինյանին ուղարկել է նրանց տուն՝ բուկլետներ բաժանելու. Արծրուն Պեպանյան
Ամուլսարի հարցով կարիք չկա ոչ տեղյակ մարդկանց կարծիքը հարցնել, հատկապես, եթե նրանք ազդման գոտուց դուրս են բնակվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ հավելելով, որ ինքը կարող է իրեն թույլ տալ նման կարծիք հայտնել, բայց խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ոչ:
«Ինքը շատ ավելի գլոբալ խնդրի դեպքում, այն է՝ պետության ապագայի և ճակատագրի որոշումը, ոչ միայն հարցրել է անգրագետ Պողոսի բազմամարդ ընտանիքի կարծիքը, այլև նախընտրական փուլում Փաշինյանին ուղարկել է նրանց տուն՝ բուկլետներ բաժանելու, բարի խոսքերով նրանց իր կուսակցության հանդեպ դրական տրամադրելու»,-նշեց նա:
-Պարո՛ն Պեպանյան, Ամուլսարի խնդրի շուրջ իրավիճակը շիկանում է, վերլուծական շրջանակներում խոսվում է այն մասին, որ իշխանությունները հետ քայլ են կատարում ուղիղ ժողովրդավարությունից, ոտնահարում են իրենց կողմից հռչակած արժեքները: Դուք ի՞նչ տեսակետ ունեք:
- Ընդհանուր առմամբ դա անխուսափելի է. երկիրն այս վիճակից հնարավոր չէ հանել ժողովրդական մեթոդներով: Բայց հարց է, թե արդյոք ներկա իշխանությունները Ձեր ասած շեղումներն անում են երկիրն այս վիճակից հանելու, թե այլ կարգի խնդիրներ լուծելու համար: Ես կդժվարանամ ասել, թե առաջին տարբերակն է:
-Ջերմուկի բնակիչները վարչապետին այցի ընթացքում ասացին, որ ոչ մի փաստաթղթի չեն վստահում, Ամուլսարի շահագործումը անթույլատրելի է: Ձեր կարծիքով՝ եթե շահագործման հարցով հանրաքվե չիրականացվի, այլ միանձնյա որոշում ընդունվի, ինչպիսի՞ իրավիճակի առջև կկանգնենք, խոսվում է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին:
-Հնարավոր վնասների մասին կասկած չհարուցող ուսումնասիրություններ չկան, և հասկանալի է մարդկանց ընդվզումը:
Համապետական հանրաքվեն անիմաստ է: Նախ` հարցը խիստ մասնագիտական է, ամեն մարդ չի կարող սպառիչ պատկերացում ունենալ խնդրի վերաբերյալ: Երկրորդ՝ Սյունիքի կամ Շիրակի մարզի բնակիչները, որոնք ազդման գոտում չեն, հնարավոր է՝ անտարբեր լինեն հետևանքների հանդեպ և քվեարկեն իմիջիայլոց: Օրենքը նախատեսում է հաշվի նստել ազդակիր համայնքների բնակիչների կարծիքի հետ: Բայց քանի որ հնարավոր վնասակար ազդեցությունը կընդգրկի հսկայական տարածք, ապա հասկանալի է հասարակական ընդվզումը և խնդրի քաղաքականացումը: Ես մեր մասնագետների հետ շատ եմ զրուցել, և նրանք լուրջ վտանգներ են տեսնում այդ հանքի շահագործման հետ կապված:
Ի՞նչ կտան նոր ընտրությունները: Ուշադրություն դարձրեք. նախկին իշխանությունները դեմ չէին հանքի շահագործմանը, իրենց հեղափոխական կոչող իշխանությունները մերժեցին նախորդներին, բայց ահա այս հանքի շահագործման հարցում շատ ավելի շահագրգիռ են: Սա ինչ-որ բան նշանակում է: Տեսականորեն հնարավոր է, որ նոր ընտրությունների արդյունքում ունենանք այնպիսի իշխանություն, որը դեմ լինի հանքի շահագործմանը, բայց հաշվի առնելով շատ հանգամանքներ՝ դա դժվար իրագործելի է:
-Պարո՛ն Պեպանյան, այս օրերին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են տարաբնույթ հայտարարություններ, որոնք քննադատությունների ալիք են բարձրացրել, օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում էր կատարել, որում նշել էր, որ չի ուզում իր հարևան «անգրագետ» Պողոսն՝ իր «անգրագետ» բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ այս հարցում որոշում կայացնելու գործում, քան ինքը։
Ինչպե՞ս է ստացվում, որ հեղափոխության օրերին փողոց փակողները, պայքարողները հպարտ քաղաքացիներ էին, իսկ հիմա՝ «անգրագետներ»:
- Ես ինքս, որքան ժամանակ է, հայտարարում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ընտրությունների, քանի որ պատմական պատճառներով չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն: Հետևաբար ես նաև գտնում եմ, որ Ամուլսարի հարցով ևս կարիք չկա ոչ տեղյակ մարդկանց կարծիքը հարցնել, հատկապես, եթե նրանք ազդման գոտուց դուրս են բնակվում: Ես ինձ կարող եմ թույլ տալ նման կարծիք հայտնել, բայց ահա Թունյանը չի կարող, քանի որ ինքը շատ ավելի գլոբալ խնդրի դեպքում, այն է՝ պետության ապագայի և ճակատագրի որոշումը, ոչ միայն հարցրել է անգրագետ Պողոսի բազմամարդ ընտանիքի կարծիքը, այլև նախընտրական փուլում Փաշինյանին ուղարկել է նրանց տուն՝ բուկլետներ բաժանելու, բարի խոսքերով նրանց իր կուսակցության հանդեպ դրական տրամադրելու:










