Հոնկոնգում ցուցարարները, ոգեշնչված հակախորհրդային ցույցերից, 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել (լուսանկարներ, տեսանյութ)

12:54 • 24.08.19

Հոնկոնգում ուրբաթ երեկոյան տասնյակ հազարավոր ցուցարարներ, ոգեշնչված 30 տարի առաջ տեղի ունեցած հակախորհրդային ցույցերից, ընդհանուր մոտ 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել, գրում է The Guardian-ը:

«Կենդանի շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու կողմերից, մարդիկ խաղաղ ակցիա են իրականացրել՝ ոգեշնչված հակախորհրդային ցույցերից, որոնք տեղի են ունեցել 3 տասնամյակ առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեռք ձեռքի տված ցուցարարները շարք են կազմել մայթերի, անցուղիների, կամուրջների վրա, բարձրացել  շրջանի ամենահայտնի բարձունքներից մեկը՝ Lion Rock-ը:

Ինչպես հայտնի է՝ 1989 թվականի օգոստոսի 23-ին մոտ 2 մլն ցուցարարներ կենդանի շղթա էին կազմել, որը ձգվել է 600 կմ՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքով: Հակախորհրդային ցույցը հայտնի է «Բալթյան ուղի» անունով: Այդ տարվա ընթացքում այդ երեք երկրներն անկախություն ստացան:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: