Ֆրանսիայի Բայոնա քաղաքի փողոցներում զանգվածային երթեր են՝ ընդդեմ G7-ի (տեսանյութ)
Զանգվածային երթը, որը կարող է վերաճել ոստիկանության հետ բախումների, տեղի է ունենում Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բայոնա քաղաքի փողոցներում՝ Բիարից քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ավելի վաղ մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:
Ria.ru-ի փոխացմամբ՝ մի քանի հարյուր մարդուց բաղկացած երթը, որոնցից շատերի դեմքերը փակ են շարֆերով և դիմակներով, շարժվում է Բայոնա քաղաքի փողոցներով:
«Բոլորն ատում են ոստիկանությանը», «Ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարադատությունը՝ ոչ մի տեղ», «Չենք մոռանա, չենք ների» վանկանկումներով ամբոխը շարժվում է նվագախմբի թմբուկների աղմուկի տակ, որի անդամները հագած են վառ վարդագույն և դեղին հանդերձներ:
Աղբյուրը հաղորդում է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջան է ժամանել ավելի քան 13 հազար ոստիկան և ժանդարմ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:
Առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, գլխավոր առաջնահերթություն է համարում անհավասարության դեմ պայքարը: Այդ նպատակով գագաթնաժողով են հրավիրվել նաև 8 գործընկեր երկրների առաջնորդները՝ այդ թվում Ավստրալիայի, Չիլիի, Բուրկինա Ֆասոյի, Սենեգալի, Ռուանդայի, ՀԱՀ-ի:
G7-ին անդամակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան:










