Երևանում Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ 23-ամյա քաղաքացուն կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել, վերջինն էլ գազային ատրճանակից կրակել է վնասվածք հասցնողի ուղղությամբ
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ:
Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:










