Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում (տեսանյութ, լուսանկարներ)
21:25
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել։
20:26
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Վերջինս մեկնել է դեպքի վայր: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած:
19:31
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է դեպքի վայր: Այս պահին դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
19:07
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
18.29
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։
18:05
Տուժածների թիվը հասել է 6-ի: Նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց։ Վերջիններս, նախնական տվյալներով, ծխահարվել են։
17:18
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 3 տուժած: Հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Անհրաժեշտությունից ելնելով` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
16:35
ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:
Մինչ այդ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
16:32
Խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային իրերի «Վեգա» խանութի պահեստային մասում։
Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ դեպքի վայրում են փրկարար ծառայություններն ու շտապօգնության մեքենաներ։
Շտապօգնության աշխատակիցները հայտնեցին, որ առաջին բուժօգություն են ցուցաբերել 3-4 քաղաքացու։ Հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։




















