Բոլիվիայի նախագահը G7-ից օգնություն է խնդրել Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարում
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը G7-ի անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է Բոլիվիա, որպեսզի ղեկավարները երկրին օգնեն Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարում: Այս մասին երկրի նախագահը գրառում է կատարել Twitter-ում:
«Մենք ողջունում ենք G7-ի դիրքորոշումը, որն արտահայտում է Ամազոնի անտառային հրդեհների հետևանքով տուժած երկրներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն: Մենք նախագահ Էմանուել Մակրոնին և նրա գործընկերներին հրավիրում ենք Բոլիվիա՝ համագործակցության խոստումներն ի կատար ածելու»,- գրել է Մորալեսը:
Նրա խոսքով՝ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը նախատեսում է զարգացած երկրների պարտավորությունները շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման հարցերում:
«G7-ի անդամ երկրները պետք է հասկանան, որ Ամազոնում բռնկված հրդեհներն անհանգստությունից գործողությունների անցնելու հրատապ ահազանգ են»,- հավելել է Բոլիվիայի նախագահը:
Մորալեսը նաև ընդգծել է, որ հրդեհների պատճառով դադարեցնում է նախագահական ընտրություններից առաջ իր նախընտրական քարոզարշավը:
Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սանտա Կրուս դեպարտամենտում հրկիզվել է ավելի քան 700 հազար հեկտար անտառ:
El Acuerdo de París establece obligaciones para países industrializados en la defensa y preservación del medio ambiente. Los miembros del #G7 deben comprender que el incendio en la Amazonía es un llamado urgente para pasar de la preocupación a la acción. #UnidadEnLaAdversidad
— Evo Morales Ayma (@evoespueblo) August 25, 2019










