Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

13:36 • 26.08.19

Օգոստոսի 21-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Այս հայտարարությունից մեկ օր անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

Դիանա Գալոյանը մինչև «թավշյա հեղափոխությունը» ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչն էր և 2019 թվականի մայիսի 13-ին էր նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

ՀՊՏՀ նոր ռեկտորի պաշտոնակատարը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, ինչպես նաև մամուլը գրում էր, որ Դիանա Գալոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է:

Թեմայի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ:

- Տիկին Գալոյան, Զոյա Թադևոսյանը և Գրիշա Թամրազյանը որքանո՞վ կապ ունեն Ձեր նշանակման հետ:

- Զոյա Թադևոսյանն իմ մայրն է, դա անհերքելի փաստ է: Բայց ես չեմ պատկերացնում, թե Զոյա Թադևոսյանն այսօրվա իշխանությունում՝ նախարարությունում կամ որևէ այլ օղակներում ինչ ազդեցության լծակներ պետք է ունենար իմ նշանակմանը նպաստելու համար:

- Զոյա Թադևոսյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ վարչության անդամ են:

- Դա որևէ կապ չունի: Երբևէ իմ մայրը իմ կարիերայի, գիտական գործունեության կամ այլ տիպի հարցերում իր անձնական ազդեցությունները չի օգտագործել, և ես թույլ էլ չեմ տա, որ նման բան լինի:

- ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված ի՞նչ կարող եք ասել:  Մամուլը գրում էր, որ Դուք նրա հետ քաղաքացիական ամուսնության մեջ եք:

- Այն ինֆորմացիան, որ իբր մենք ամուսիններն ենք, դա բացարձակ սուտ է: Մենք ընդամենը լավ ընկերներ ենք: Մեր ընկերությունը սկիզբ է առել 2007-2008 թթ.-ից, երբ երկուսս էլ ընդդիմադիր դաշտում պայքար էինք մղում և այդ ժամանակվանից մենք լավ ընկերներ ենք:

- Այսինքն, փոխնախարարը Ձեր լավ ընկերն է և նա որևէ կապ չունի՞  Ձեր նշանակման հետ:

- Կարծում եմ՝ իմ նշանակումը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով, որ այս պահին ես ուսումնական գծով պրոռեկտորն էի և համապատասխանում էի ռեկտորի չափանիշներին: Ընդամենը այս պահին ճգնաժամային կառավարիչ էր հարկավոր ստեղծված իրավիճակը շտկելու համար: Այդ պատճառով ընտրությունը կանգ է առել ինձ վրա և որևէ մեկի միջամտությունն այդ առումով ես բացառում եմ:

- Դուք ՀՊՏՀ ռեկտորի ընտրություններին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:

- Դա կախված է նրանից, թե որքանով ես կհաջողեմ ռեկտորի պաշտոնակատարի գործում: Այս պահին տնտեսագիտական համալսարանում տարբեր բարեփոխումներ են ընթանում և կախված է, թե որքանով ես կհաջողեմ բոլոր ոլորտներում: Եթե զգամ, որ չեմ հաջողել, չեմ մասնակցի ռեկտորի ընտրություններին, եթե զգամ, որ հաջողում եմ՝ կմասնակցեմ: