Ոստիկանությունից, ՔԿ-ից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվում է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, ԱԱԾ-ից՝ ոչ

15:18 • 26.08.19

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի» նախագիծը:

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվում նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ԱԱԾ-ից՝ ոչ: Հարցին ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց.

«Մեր տեսլականով՝ ԱԱԾ-ի մոտ մնալու են հետախուզության և հակահետախուզության գործառույթները և դրան համապատասխանող օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթները: Այսինքն՝ մյուս գործառույթները վերապահվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին: Բայց այստեղ կարևոր է անցումային շրջանը, մասնավորապես, օպերատիվ գործի մասով շատ փակ համակարգ է՝ գործակալների ցանց և այլն: Եվ Հակակոռուպցիոն կոմիտեն ուղղակի չի կարող 3 կամ 4 տարում ունենալ նման պատրաստվածություն»: 

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո անցումային շրջանը պետք է լինի սահուն և փուլային. «Որպեսզի չստեղծենք մի մարմին, որը լավն է իր ներկայացվելիության, մասնագիտական պատրաստվածության առումով, բայց պրակտիկ որոշակի բաներ կա, որ չի կարողանում անել»,- նշեց նա: