«Մեծ յոթնյակի» անդամ երկրները Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարի համար 22 մլն դոլար կտրամադրեն
«Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ միավորման անդամ երկրները համաձայնության են եկել Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների դեմ պայքարին ֆինանսական օժանդակություն հատկացնելու շուրջ, հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, 22 մլն դոլար կտրամադրեն անտառային հրդեհների դեմ պայքարին:
Մակրոնը հստակեցրել է, որ ֆինանսավորումն «անմիջապես» հասանելի կլինի և հիմնականում ուղղված կլինի ավելի շատ հրշեջ ինքնաթիռների ներգրավմանը:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, որը վերջին օրերին Մակրոնի հետ հանրային վեճի մեջ է մտել, նրան մեղադրել է «Ամազոնի նկատմամբ անխոհեմ և անհիմն հարձակումների» համար: Նրա խոսքով՝ Մակրոնն իր մտադրությունները թաքցնում է G7-ի դաշնակցության գաղափարի ետևում և փորձում է փրկել Ամազոնի անտառները, ասես իրենք «գաղութ կամ անտեր հող» լինեն:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է և կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:










