Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի ցամաքային զորքերը շուտով Սիրիայի հյուսիս կմեկնեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է առաջիկայում բանակի ցամաքային զորքերը Սիրիայի հյուսիսային շրջան ուղարկելու մասին: Այս մասին նա հայտնել է իր ելույթներից մեկի ժամանակ, որը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով:
«Այժմ մեր մարտական և հետախուզական անօդաչու սարքերը և ուղղաթիռները Սիրիայի հյուսիսում են գտնվում: Զորքերի տեղափոխումը դեպի սահման շարունակվում է: Շատ շուտով ակնկալում ենք, որ ցամաքային զորքերն այնտեղ կլինեն»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նշել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական ներկայություն ունենալու շնորհիվ Անկարան տարածաշրջանում տիրող իրավիճակին և այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու ծրագրերի իրականացմանը մոտիկից հետևելու հնարավորություն կստանա:
«Անվտանգության գոտի ստեղծելուն ուղղված մեր ջանքերն աստիճանաբար արդյունք են տալիս: Մեզ ոչ մի թակարդ կամ այլ ուժերի կողմից տարածաշրջանում սեփական հյաշիվներն անելու փորձ չի կանգնեցնի: Մենք զբաղվում ենք այնպիսի խնդիրներով, որոնք անձեռնմխելի են համարվել, ինչպես օրինակ, Եփրատ գետի արևելյան ափի խնդիրը»,- հավելել է Էրդողանը:
Նշենք, որ Սիրիայի՝ Եփրատ գետից դեպի արևելք ընկած հատվածը վերահսկվում է քրդական խմբավորումների զինված ուժերի կողմից, որոնք, ըստ Անկարայի, ահաբեկչական են և վնաս են հասցնում իր ազգային անվտանգությանը:
Խոսելով ԱՄՆ-ի հետ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով համագործակցության մասին պայմանավորվածություններից՝ Թուրքիայի ղեկավարն ասել է. «Մեր առաջնահերթությունը երկխոսությունն ու համագործակցությունն է, սակայն եթե իրավիճակն այնպես չզարգանա, ինչպես մենք ենք ցանկանում, կամ էլ որոշումը ձգձգելու փորձ լինի, մենք կիրականացնենք սեփական ծրագրերը»:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Թուրքիայի իշխանությունները սկսել էին ակտիվ կերպով հայտարարել Եփրատից արևելք ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին:










