Տասնյակ բերման ենթարկվածներ Հոնկոնգում. ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել և ջրցան մեքենա կիրառել (լուսանկարներ)
Հոնկոնգում տասնյակ քաղաքացիներ, ներառյալ՝ 12-ամյա երեխա, բերման են ենթարկվել անցած հանգստյան օրերին՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով, որոնց ընթացքում ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել և առաջին անգամ ջրցան մեքենա կիրառել, գրում է The Guardian-ը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվել են 12-48 տարեկան 29 տղամարդիկ և 7 կին՝ անօրինական հավաքի, զենք ունենալու և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեղադրանքով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անցած հանգստյան օրերին Հոնկոնգում տեղի են ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև ամենակատաղի բախումները:
Ոստիկանության հաղորդման համաձայն՝ վեց ոստիկաններ հանել են իրենց ատրճանակները, իսկ մի սպա նախազգուշական կրակոց է արձակել: Ոստիկանությունն իր ուղղությամբ աղյուսներ նետող ցուցարարների հանդեպ կիրառել է ջրցան մեքենա, ինչպես նաև արցունքաբեր գազ:
Այսօր՝ վաղ առավոտյան, Հոնկոնգի կառավարությունը «խստորեն դատապարտել է» ցուցարարների գործողությունները:
«Արմատական ցուցարարների անօրինական և բռնի գործողությունները ոչ միայն վրդովեցուցիչ են, այլև Հոնկոնգին կանգնեցնում են չափազանց վտանգավոր իրավիճակի շեմին»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ ընդհատելով օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, իսկ շրջանի ղեկավար Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել՝ պահանջելով իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից՝ երկընտրանքի առաջ կանգնեցնելով իշխանություններին:












